Երիտասարդ պահպանողականների միությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանին կոչ է անում դատարանի ամբիոնը վերածել քաղաքական հարթակի:

«Ակնհայտ է, որ Անկախության եւ Ժողովրդավարության վերականգնման պայքարի նվիրյալի նկատմամբ քաղաքական դատավարությունը իրավական ելք չունի: Իշխանությանը սպասարկող դատարանի որոշումն իրավական հիմնավորում չի պահանջում: Ինչպես որ խամաճիկ է հայկական արդարադատությունը ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության ձեռքին եւ որեւէ ինքնուրույն քայլի իրավասու չէ, այնպես էլ խամաճիկ է եւ որեւէ ինքնուրույն քայլի ընդունակ չէ այդ քաղաքական բարձրագույն իշխանությունը, որը հայ-թուրքական եւ արցախյան հարցերը հնազանդորեն լուծելու համար ձեւավորված ժամանակավոր գործիք է` իրեն ծնած եվրոպական եւ ռուսական շահերի ձեռքին»,- նշում են հայտարարության հեղինակներն ու դիմում Նիկոլ Փաշինյանին.

«Հորդորում ենք Ձեզ` հրաժարվել փաստաբանական ծառայությունից, դատավոր-դատախազի պատմուճանների տակ թաքնվածներին ու կեղծ վկաներին պատասխանելուց եւ դատարանի ամբիոնը վերածել քաղաքական հարթակի, դահլիճից մինչեւ Ազատության հրապարակը՝ քաղաքական լսարանի: Դատարանում ակնկալում ենք Ձեր ելույթները՝ օտարներին սպասարկող ավազակներից երկիրն ազատելու քայլերի, քաղաքական ուղիների վերաբերյալ: Աստված Ձեզ եւ բոլորիս ուժ տա, որ կարողանանք փոխել այն, ինչը դեռ հնարավոր է փոխել»: