«ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահ երկրներն, իմ կարծիքով, ներկայումս իրենց բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի ցանկացած առիթ օգտագործելով՝ հասնեն հայ-թուրքական սահմանի բացմանը»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ու հավելել, որ հենց դրա հետ է կապված, որ հրատապ են դարձել խոսակցությունները, թե Թուրքիան հնարավոր է դառնա Մինսկի խմբի անդամ: «Այդ բոլոր խոսակցությունները մեկ նպատակ են հետապնդում, որպեսզի նվազագույնի հասցնեն Ադրբեջանի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված դժգոհությունը»,- ընդգծել է նա: «Այն փաստը, որ Թուրքիան դառնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, փորձում են ներկայացնել Ադրբեջանին, որպես էական առաջընթաց ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Բայց դա ծիծաղելի է, քանի որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, չեն լուծում ԼՂ խնդիրը, Թուրքիան դա անելու ոչ մի հնարավորություն չունի»,- ասել է Գուլուզադեն:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը այդպես նյարդային արձագանքում նման գաղափարին, քաղաքագետը պատասխանել է. «Այդ հարցի պատասխանը գտնվում է թուրքերի նկատմամբ հայերի սերնդե սերունդ փոխանցվող ատելության մեջ: Դրա համար էլ Թուրքիայի վերաբերյալ ցանկացած հիշատակում հայերը խիստ բացասաբար են վերաբերում: Հայ-թուրքական սահմանի բացմանը եւս Հայաստանի ղեկավարությունը գնում է ոչ թե իր կամքով, այլ շատ լուրջ տնտեսական խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից ելնելով»:




























