Միացյալ Նահանգները պատրաստ է Վրաստանին 100 միլիոն դոլարի զենք հատկացնել, որի մատակարարումները նախատեսված է իրականացնել ոչ պետական ուղիներով, սակայն երկրի ղեկավարության իմացությամբ ու հավանությամբ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռուսական հատուկ ծառայությունների իր աղբյուրին եւ նշելով, որ իրեն հայտնի են դարձել ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ բանակցությունները:
«Հավաստի տեղեկություններով, ի պատասխան ռազմական օգնություն տրամադրելու պաշտոնական Թբիլիսիի խնդրանքի, „Բարինգթոն Էլլայնս ինք“ կորպորացիան (գլխավոր գրասենյակը գտնվում է Չիկագոյում) Վրաստանին առաջարկել է մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային հրթիռային համալիրներ, ավտոմատ հրազեն եւ զինամթերք` ընդհանուր 100 միլիոն դոլար արժեքով»,- ասել է աղբյուրն ու հավելել. «Առաջարկվող սպառազինությունն իր մեջ ներառում է 3PK „Պատրիոտ-3“, ինչպես նաեւ „Սթինգեր“ եւ „Իգլա-3“, „Ջավելին“ եւ „Հելֆայեր2“ հրթիռներ։ Ռազմամթերքի, այդ թվում՝ փամփուշտների քանակը հաշվվում է տասնյակ միլիոններով»:
«Ընդ որում, ինչպես Ուկրաինայի դեպքում, այս դեպքում եւս մատակարարումները նախատեսվում է իրականացնել ոչ պետական խողովակներով, բայց ղեկավարության գիտությամբ ու հավանությամբ»,- ասել է նա: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբում հաստատել են այս տեղեկությունը: Մասնավորապես ՌԴ ԶՈՒ հետախուզական գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Շլյախտուրովը հայտնել է, որ Վրաստանը շարունակում է զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա ստանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, Իսրայելից ու Ուկրաինայից:




























