Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին իր ուժերն է փորձում Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դերի համար: Բրիտանական Now-ն գրում է, որ Sony Pictures կինոընկերությունը բանակցություններ է վարում Apple-ի հոկտեմբերի վերջին մահացած հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունն էկրանավորելու իրավունք ստանալու շուրջ:
Հիշեցնենք, որ վերջերս լույս է տեսել Ջոբսի կենսագրություն, որի հեղինակը Time ամսագրի նախկին խմբագիր եւ CNN-ի տնօրենների խորհրդի նախկին փոխնախագահ Ուոլթեր Այզեքսոնը:
Ջոբսի կենսագրության էկրանավորումը Sony Pictures-ի վրա կարող է նստել 1-3 մլն դոլար: Հենց այս կինոընկերությունն է նախորդ տարի նկարահանել Facebook-ի մասին պատմող «Սոցիալական ցանց» ֆիլմը:
Այզեքսոնի գիրքը լույս է տեսել հոկտեմբերի 24-ին, որի հիմքում 40 հարցազրույցներ են Սթիվ Ջոբսի հետ եւ ավելի քան 100 զրույցներ նրա ընկերների, ընտանիքի անդամների, գործընկերների ու մրցակիցների հետ:
«Սթիվ Ջոբս. Կենսագրություն, գրված Ուոլթեր Այզեքսոնի կողմից» գրքում ասվում է, որ Ջոբսին որդեգրած մայրը` Կլարա Ջոբսը (Հակոբյան) 1915-ին ներգաղթել է Թուրքիայի Մալաթիա նահանգից: Գրքում գրվում է, որ Կլարայի հայրը` Լուիս Հակոբյանը ծնվել է Մալաթիայում` 1894-ին, իսկ նրա մայրը` Վիկտորյա Արթինյանը Իզմիրից է եւ ծնվել է 1894-ին: Իր հարցազրույցներում Ջոբսը նրանց անվանել է իր միակ ու իսկական ծնողները:




























