«Չկան նոր դեմքեր, որոնք իրենց հետ նոր երանգներ կբերեն խորհրդարան, իսկ առաջիկա ընտրություններն էլ, ավանդույթի համաձայն, նախկինի պես խայտառակություն են լինելու. մեր խորհրդարանը ֆեոդալների խորհրդարան է»,- նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով պատգամավորական մի քանի թափուր տեղերի համար ծավալվող առաջիկա ընտրությունների մասին։

Նշելով, որ Ժողովրդական կուսակցությունը մտածված կերպով չի մասնակցելու այդ ընտրություններին, նա հետեւյալ հարցը բարձրացրեց. «Ո՞ւր գնանք. այս խորհրդարա՞ն, որին մշտապես քննադատում ենք»: Տ. Կարապետյանը նկատեց նաեւ, որ ընտրությունները հետաքրքրություն կներկայացնեին, եթե դրանց մասնակցեր Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե սպասվելիք ընտրություններում ո՞ւմ է սատարելու ՀՀԿ-ն, ասուլիսի մյուս բանախոս հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ իշխող կուսակցությունը դեռեւս քննարկումներ չի անցկացրել, հետեւաբար դեռեւս չի կարող նշել մի թեկնածուի անուն, ում իրենք պատրաստ են աջակցել։

Հիշեցնենք, որ 8-րդ (Երեւանում) եւ 25-րդ (Հրազդանում) ընտրատարածքներում դեկտեմբերի 6-ին տեղի են ունենալու ԱԺ պատգամավորի ընտրություններ, իսկ 10-րդ ընտրատարածքում` հունվարի 10-ին: 8-րդ եւ 25-րդ ընտրատարածքներում առաջադրվել են 1-ական թեկնածուներ. 8-րդ-ում` Կորյուն Նահապետյանը (բիզնեսմեն պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան), իսկ 25-րդում` Մխիթար Հարությունյան (ԲՀԿ-ական, սպորտբազայի նախկին տնօրեն): Ինչ վերաբերում է 10-րդ ընտրատարածքին, ապա այստեղ թեկնածուներ են առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, Էդուարդ Մադաթյանը (նախկին կապի նախարար), գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանությունց» Արա Սիմոնյանը եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը: Ի դեպ, Իջեւանի ոստիկանությունը հրաժարվել է 5 տարվա բնակության տեղեկանք տալ Նիկոլ Փաշինյանին՝ հիմնավորելով, որ նա հետախուզման մեջ գտնվելիս չի եղել Հայաստանում: Նկատենք, որ Էդվարդ Մադաթյանը եւս 2 տարուց ավելի եղել է հետախուզման մեջ, սակայն նա նմանատիպ խնդիրների առաջ չի կանգնել: