Լոռիի մարզի Գոգարան գյուղի տներից մեկում, նոյեմբերի 14-ին, հրդեհից այրված 4 երեխաներից եւս մեկը մահացել է: Նա 3-ամյա Գոռ Գասպարյանն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Գոռ Գասպարյանը գտնվում էր այդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ թերապեւտիկ բուժում եւ արտաքին մշակումներ է ստանում:
Բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն, բայց ծայրահեղ ծանր: Երեխան 3-րդ եւ 4-րդ կարգի այրվածքներ էր ստացել: Այրվել էր 3-ամյա երեխայի մաշկի 62 տոկոսը եւ շնչուղիների 20 տոկոսը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին, Ճառագայթաբանության եւ այրվածքների հանրապետական կենտրոնում մահացել էր 4-ամյա Արման Գասպարյանն է: Նրան հասցրել էին վիրահատել` տրախեոստոմիա էին արել, որպեսզի երեխան կարողանա շնչել խողովակի օգնությամբ, սակայն Արմանը, ով միացված էր արհեստական շնչառության ապարատին, մահացել էր:
Հիշեցնենք, որ հրդեհից հետո 4-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր: Այրվել էր նրա մաշկի 50 տոկոսից ավելին եւ շնչուղիները: Նա ստացել էր 4-րդ կարգի այրվածքներ: Բժիշկների խոսքով, երեխայի կենդանի մնաշու շանսերը նվազագույնն էին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին հրդեհից այրված 4 երեխաներից մեկը` 3 տարեկան Արեն Գասպարյանը մահացել էր: 4-րդ երեխան 1,5 տարեկան է եղել, ով թեթեւ այրվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է Գոգարանի գյուղապետարանի բժշկի հսկողության ներքո: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին, Գոգարան գյուղում այրվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, ամբողջությամբ բռնկվել է առաջին հարկը, մասամբ այրվել է նաեւ երկրորդ հարկի մի հատվածը: Պարզվել է, որ տանը գտնվել են 4 անչափահաս երեխաներ, ովքեր 2 եղբայրների երեխաներ են: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը եղել է փայտը. նրանք տանը փայտ են վառել:




























