Քրդական ինքնավար վարչությունը մտադիր է հունիսի 11-ին իշխանության տեղական մարմինների ընտրություններ անցկացնել Սիրիայի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան շրջաններում՝ չնայած հաեւան Թուրքիայի ճնշումներին։ Այս մասին Firat գործակալությանն ասել է «Դեմոկրատական միություն» (ԴՄ) կուսակցության համանախագահ Սալեհ Մուսլիմը։
«Անկարան ակտիվացնում է ռազմական գործողությունները քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) կազմավորման դեմ եւ փորձում է խափանել քաղաքապետերի եւ տեղական կառավարման խորհուրդների ընտրությունները,- նշել է քուրդ քաղաքական գործիչը։- Սակայն ինքնավար իշխանությունները կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի ընտրությունները տեղի ունենան եւ անցնեն դեմոկրատական մթնոլորտում։
Մուսլիմը տեղեկացրել է, որ ժողովրդական կամարտահայտման պատրաստությունն սկսվել է մարտի 28-ից՝ չնայած թուրքական զորքերը մշտապես գնդակոծում են ԴՍՈւ վերահսկման տակ գտնվող շրջանները։ «Մեր մարդիկ կգան ընտրատուփերի մոտ, որպեսզի քվեարկեն հունիսի 11-ին եւ ընտրեն իրենց ներկայացուցիչներին տեղական իշխանության մարմիններում, որքան էլ որ Թուրքիան փորձի խանգարել դրան»,- ասել է նա։
Firat-ի տեղեկացմամբ՝ թուրքական անօդաչուների գրոհնեի հետեւանքով վերջին երեք օրերին Սիրիայի հյուսիս-արեւելքում զոհվել է 4 քուրդ մարտիկ, վիրավորվել 12 խաղաղ բնակիչ։
Ընտրական կոմիտեի ներկայացուցիչ Ռուքեն Մելե Իբրահիմը հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու են յոթ կուսակցությունների թեկնածուներ, ներառյալ ԴՄ-ն, ինչպես նաեւ արհմիությունների, կանանց եւ երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջադրվողներ։ Քվեարկությունը տեղի է ունենալու 7 շրջանների (Աֆրին Շեհբա, Դեյր էզ Զոր, Եփրատ, Մանբիջ, Ռաքքա, Թաբկա եւ Էլ Ջազիրա) 133 բնակավայրերում։ Իշխանության տեղական մարմինների առաջին ընտրությունները տեղի են ունեցել 2015թ.։





























