Հունիսի 10-ին ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան, որը պատմում է ռուս դիվանագետների աշխատանքի մասին Լեհաստանում։
«Վարշավա’21» սերիալի բեմադրող ռեժիսորն է Ֆելիքս Գերչիկովը, բեմադրող օպերատորը՝ Անտոն Կոստրոմինը, բեմադրող նկարիչը՝ Վասիլի Գրոզնին։ Գլխավոր դերերը կատարել են Դմիտրի Միլլերը, Դմիտրի Կուլիչկովը, Վալերիա Շկիրանդոն, Կոնստանտին Կրյուկովը, Սերգեյ Յուշկեւիչը, Անդրեյ Իլյինը, Յուրի Բատուրինը, Նիկոլայ Կոզակը, Անատոլի Կոտենյովը, Յուրի Բելյաեւը, Սերգեյ Գուրեւը եւ այլք։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներն են ամենահայտնի ռուսական քաղաքական դետեկտիվներից մեկի՝ «Դեսպանատուն» սերիալի (НТВ, 2018) ստեղծողները՝ Վիկտոր Սողոմոնյանը եւ Միխայիլ Վոլոբուեւը։ Սա նրանց երրորդ համատեղ աշխատանքն է։
«Վարշավա’21» սերիալը նույնպես ստեղծվել է ռուսական կինեմատոգրաֆի համար հազվադեպ՝ քաղաքական դետեկտիվի ժանրով։ Չնայած սյուժեի հիմքում ընկած իրադարձությունները հորինված են, պատմությունը բավական հավաստի փոխանցում է այն տրամադրությունները, որոնք նկատվում են աշխարհի քաղաքական քարտեզին վերջին մի քանի տարիներին։
Նախընտրական արշավի ընթացքում Լեհաստանի նախագահի աթոռի համար սպանում են հանրահայտ լրագրող Կոզելսկուն։ Լեհական հեռուստաալիքները ակնթարթորեն որսում են երկրի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության մասին վարկածը՝ սիլեզյան անջատողականներին աջակցելու եւ իրադրության ապակայունացման նպատակով։ Որպես ապացույց հեռուստատեսությամբ պտտում են ռուս դեսպան Կոնոբեեւի (Անատոլի Կոտենյով) եւ նախագահի թեկնածուներից մեկի՝ Դոմբրովսկու (Սերգեյ Յուշկեւիչ) խոսակցության ձայնագրությունը, որն, իբր, ուղարկվել է սպանված լրագրողի փոտով։ Փոքր կայծից աշխարհաքաղաքական հրդեհ է բռնկվում, որը կարող է հսկայական վնաս պատճառել երկրի շահերին։ Դիվանագիտական առաքելության վարկաբեկված աշխատակիցը հիվանդանոց է ընկնում ինֆարկտով, իսկ նրա փոխարեն գալիս է ճգնաժամային դիվանագետ Վյաչեսլավ Վասիլեւը (Դմիտրի Միլլեր)։ Նա պետք է ապացուցի, որ մեղադրանքները Մոսկվայի հասցեին որեւէ հիմք չունեն։
«Քաղաքական երանգավորում ունեցող դետեկտիվի ժանրում աշխատելը անասելի գրավիչ եւ, միեւնույն ժամանակ, անհավանական բարդ գործ է։ Ստեղծագործությունն ստասվում է բազմակողմ ու հագեցած, եւ այդ ամենը՝ շնորհիվ այն բանի, որ պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, պահպանել գեղարվեստական հորինվածքի եւ իրականության միջեւ հավասարակշռությունը։ Այո, սերիալի իրադարձությունները կարող են հորինված լինել, բայց պատումի մթնոլորտը պետք է համոզի դիտողին, որ էկրանին տեղի ունեցողը եթե վավերագրական էլ չէ, ապա խիստ հրատապ է ու մոտ կյանքին։ Իսկ եթե դրա հետ միասին նաեւ ստացվում է պահել լարված դետեկտիվ բաղադրիչը, ապա ծնվում է նախագիծ, որը գրավում եւ պահում է հանդիսատեսին։ Ինձ թվում է, որ այս սերիալում մեզ հաջողվել է լուծել այս բազմախնդրայնությունը եւ բոլոր բաղադրիչները հանրագումարել մեկ միասնական պատկերում։ Բայց վերջնական խոսքը, իհարկե, հանդիսատեսինն է»,- նշել է բեմադրող ռեժիսոր Ֆելիքս Գերչիկովը։





























