Չինաստանում համացանցից օգտվողները Twitter եւ այլ սոցցանցերում իրենց մերկ նկարներն են տեղադրում` ի պաշտպանություն չինացի գեղանկարիչ Այ Վեյվեյի, ում,  Ժաո Ժաո լուսանկարչի հետ միասին, չինական իշխանությունները մեղադրում են «պոռնոգրաֆիա տարածելու մեջ»:

«Մերկ ակցիան» նախաձեռնվել էր, երբ նոյեմբերի 17-ին պեկինյան ոստիկանությունը հարցաքննել էր նախորդ տարվա օգոստոսին մերկ Այ Վեյվեյին չորս մերկ կանանց հետ լուսանկարած Ժաո Ժաոյին:

 Այ Վեյվեյն ինքը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ այդ նկարը խոր քաղաքական ենթատեքստ չուներ,  արվել էր, որպեսզի «ազատվի վախից եւ մեկուսացվածության զգացումից»:

Այժմ Չինաստանի կանայք եւ տղամարդիկ մերկանում են, որպեսզի ապացուցեն, որ մերկ  մարմինը պարտադիր չէ, որ պոռնոգրաֆիա լինի, գրում է NEWSru Israel-ը: Նուդիստական ակցիան համացանցում անց է կացվում «Այ Վեյվեյի երկրպագուները մերկանում են: Ուշադրություն, Չինաստանի կառավարություն, մերկությունը  պոռնոգրաֆիա չէ» կարգախոսով:

Գեղանկարիչ եւ իրավունքների պաշտպան Այ Վեյվեյի եւ չինական իշխանությունների հարաբերությունները լարված են ոչ միայն բարոյականության, այլեւ բիզնեսի բնագավառում: Ավելի վաղ նա 80 օր բանտում է անցկացրել հարկերից խուսափելու մեղադրանքով: Վեյվեյը ստիպված է եղել վճարել 1,3 մլն դոլար, որը, ըստ նկարչի, օգնել են հավաքել իր կողմնակիցները:  Գրավը վճարելով` նա հայտարարել էր, որ եթե կես տարի առաջ իրեն «պատանդ» էր զգում, ապա այժմ իրեն «կողոպտված» է զգում: