Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում հայտնել են, որ ԱՄՆ թույլտվությունը, որպեսզի Ուկրաինան ամերիկյան զենքով խփի Ռուսաստանի տարածքին, չի խորացնի էսկալացիայի մակարդակը պատերազմում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը չի կարծում, որ իր թույլտվությամբ կխորացնի էսկալացիան, գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է. «Չենք կարծում»։
«Մենք կշարունակենք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան նախագահ (Վլադիմիր) Պուտինի գործողությունների, որպեսզի թույլ տանք Ուկրաինային պաշտպանել իրեն։ Բայց նորից նշենք, որ հենց Ռուսաստանն է այստեղ ագրեսորը»,- նշել է Միլլերը։
Նա նշել է, որ ՌԴ-ն իր ռազմական տեխնիկան տեղակայում է սահմանին մոտ եւ այն օգտագործում քաղաքացիական օբյկեկտներին հարվածելու համար, ուստի ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինան պետք է իրեն պաշտպանելու հնարավորություն ունենա։
«Հենց Վլադիմիր Պուտինն է մշտապես թեժացնում այս հակամարտությունը նորից ու նորից, այդ թվում եւ այս վերջին գործողություններով։ Եվ մենք կարծում ենք, որ սա (Ուկրաինային ամերիկյան զենքն օգտագործելու թույլտվությունը) համարժեք պատասխան է»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ուկրաինան հաստատել է, որ սահմանափակ թույլտվություն է ստացել ամերիկյան զենքով հարվածելու ՌԴ տարածքում գտնվող թիրախներին։
Սպիտակ տունը նշել է, որ ԱՄՆ թույլտվությունը տարածվում է ոչ միայն Խարկովի, այլեւ Սումիի մարզերի սահմանամերձ շրջանների վրա։ Միեւնույն ժամանակ, թույլտվությունը չի տարածվում ATACMS հեռահար հրթիռների վրա։





























