Կայացել է «Հասանելի Համայնքային սոցիալական ծառայություններ» (անգլերեն հապավումը՝ CLASS) ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։ Ծրագիրն ուղղված է եղել Հաայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը։
Ծրագիրն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ։ 2017 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն նախաձեռնեց «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը՝ համագործակցելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցության կենտրոնի և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ:
Ծրագրի հիմնական ձեռքբերումներն են՝
- CLASS-ը առանցքային դեր խաղաց Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացման գործում:
- CLASS-ը զգալիորեն բարելավեց անապահով ընտանիքների կյանքը Հայաստանի բոլոր 10 մարզերում և Երևանում:
- CLASS-ի շրջանակում բարելավվեց դեպքի վարման պրակտիկան՝ ապահովելով ավելի լավ աջակցություն առավել խոցելի երեխաների և ընտանիքների համար:
- CLASS-ը հզորացրեց աղքատության մեջ ապրող ընտանիքներին՝ խթանելով նրանց դիմակայունությունը:
- CLASS-ը կարևոր աջակցություն ցուցաբերեց հակամարտությունից տուժած կանանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և նրանց դիմակայունությունն ամրապնդման համար:
- CLASS-ը կայուն համագործակցություն հաստատեց Երևանի պետական համալսարանի, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ՝ սոցիալական աշխատողների վերապատրաստման համապարփակ ուսումնական պլան մշակելու համար:
Յոթ տարի առաջ Հայաստանն ուներ ընդամենը ութ սոցիալական աշխատող։ Այսօր այս ծրագրի շնորհիվ մենք ունենք 150 վերապապատրաստված մասնագետ, ովքեր պատրաստ են աջակցելու Հայաստանի անապահով ընտանիքներին:
«Հաճախ խոցելի իրավիճակում հայտնված մարդիկ անտեսված են, և հենց այստեղ է, որ կարևոր դեր ունեն համայնքի սոցիալական աշխատողները: Նրանց դերն է բացահայտել, գտնել և ծառայել այն մարդկանց, ովքեր գտնվում են մոռացության վտանգի տակ: Հատկանշական է սոցիալական աշխատողների նվիրված ծառայությունը COVID-ի ժամանակ և վերջերս՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հոսքի հետ կապված»,- միջոցառման ընթացքում իր բացման խոսքում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
«Մեզ համար կարևոր առաջնահերթություն է սոցիալական պաշտպանության ինստիտուտի կայացումը։ Վերջին տարիների ընթացքում վրա հասած ճգնաժամերի՝ վերջերս էլ Լոռիում տեղի ունեցած աղետի հաղթահարման ուղղությամբ Կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել։ Սակայն այդ քայլերը չէին հասնի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց, եթե մենք տեղում չունենայինք կիրթ ու բերախիղճ սոցիալական աշխատողներ։ Այս առումով բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի և Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության ջանքերով իրականացված այս ծրագրի արդյունքները, որոնք վերաբերում են ոչ միայն սոցիալական աշխատողների վերապատրաստումներին, այլ նաև ոլորտի օրենսդրական կարգավորումներին»,- նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել CLASS ծրագրում ներգրավված մեր բոլոր գործընկերներին։ Համագործակցությունը նույնպես սոցիալական ծառայության օրինակ է։ Այս ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է Ազգային և տեղական մակարդակներում գործընկերների գերազանց համագործակցությամբ։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում ընթացող բարեփոխումներին մշտապես աջակցեու համար»,- իր բացման խոսքում նշեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։
CLASS ծրագրի հաջողությունը տեղական և ազգային մակարդակում կառավարող օղակների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ ամուր համագործակցության արդյունք է: Այս ծրագիրը թողնում է մնայուն ժառանգություն՝ ավելի ուժեղ սոցիալական համակարգ և հմուտ սոցիալական աշխատողներ՝ պատրաստակամ աջակցելու իրենց կարիքն ունեցող մարդկանց:





























