Կիրակի պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ուկրաինական ռազմական ինքնաթիռը Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում՝ Բելգորոդի շրջանում թիրախ է խոցել։ Դրա մասին հաստատում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ուկրաինական ռազմական աղբյուրին։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Հայտնի չէ՝ ինչ զինատեսակներ են կիրառվել և, մասնավորապես, արդյոք դրանք արևմտյան երկրների մատակարարած հրթիռներ են եղել։ Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինային զենք մատակարարող ամենախոշոր երկրները, ներառալ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, վերացրել են Ռուսաստանում թիրախների դեմ ուկրաինացի զինվորականների կողմից իրենց զենքի օգտագործման որոշ սահմանափակումներ։

Ըստ Sky News-ի անանուն աղբյուրի՝ ավիահարվածը հասցվել է Բելգորոդի շրջանի հրամանատարական կետին։ «Չնայած վնասների գնահատումը դեռ շարունակվում է, սակայն հաստատվում է, որ դա ճշգրիտ հարված է եղել։ Սա Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախի ուղղությամբ ուկրաինական օդուժի առաջին ավիահարվածն է»,- նշել է աղբյուրը։

Որոշ տվյալներով՝ ուկրաինական ինքնաթիռներն արդեն բազմիցս հարվածներ են հասցրել ՌԴ-ի կողմից բռնակցված Ղրիմի թիրախներին, օգտագործելով նաև բրիտանական Storm Shadow հրթիռները:

Պաշտոնապես ոչ ռուս, ոչ ուկրաինացի զինվորականները Sky News-ի հաղորդագրությունը չեն մեկնաբանել։