Երեխաները մասնակցել են Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովին ուղղված տեսաուղերձի տեսագրմանը, որում շրջանի ղեկավարին հորդորել են  Տոպոլինի 1-ին նրբանցքի տարածքում խաղահրապարակի կողքին ռմբապաստարան կառուցել: Տեսանյութը հրապարակել է Բելգորոդ № 1» թելեգրամյան ալիքը։

Տեղի բնակիչները պնդում են, այժմ հրթիռային սպառնալիքի ժամանակ իրենք ստիպված են պառկել գետնին, քանի որ մոտակայքում ռմբապաստրաան չկա։ Տեսագրությանը մասնակցել  է ավելի քան տասը երեխա, որոնք վանկարկում էին «ապաստարան» բառը։ «Իրականություն 2024», - նշել են գրառման հեղինակները։

Մեկ այլ տեսանյութում, որն ավելի վաղ թելեգրամյան ալիք էր ուղարկել մի կին բաժանորդ, երևում է՝ ինչպես է երեխան օդային հարձակման ազդանշանների տակ պառկած գետնին։ Տեսանյութի հեղինակը գանգատվել է, որ ինքը սոցիալական ցանցերի միջոցով բազմիցս դիմել է իշխանություններին՝ 1-ին Տոպոլինի նրբանցքում ռմբապաստարան կառուցելու խնդրանքով, սակայն իրեն միշտ ասել են, թե «դրա անհրաժեշտությունը չկա»։

«Բայց տարածքի բոլոր բնակիչներն այլ կերպ են մտածում։ Շուրջը միայն մասնավոր հատվածն է։  Մարզադաշտը, մանկական խաղահրապարակը և մարզասրահը լայն ժողովրդականություն է վայելում։ Այնինչ անվտանգության մակարդակը զրոյական է»,- վրդովված ասել է կինը։

Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի սանձազերծած պատերազմից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Ռուսաստանին։ Մինչ այդ ուկրաինացի զինվորականները չեն գնդակոծել ոչ Ռուսաստանի տարածքը, ոչ էլ բռնակցված Ղրիմը։

Բելգորոդի շրջանն ամենից հաճախ տուժում է Կիևի հարձակումներից։ 2023 թվականից ի վեր տարածաշրջանում գնդակոծությունների թիվը հասել է ամսական 300–400-ի, ինչը մոտ 10 անգամ ավելի է, քան հարևան սահմանամերձ շրջաններում։

Միաժամանակ երկու տարվա պատերազմի ընթացքում Բելգորոդի շրջանը բնակչության ներհոսքի առումով Ռուսաստանի առաջատար շրջանից դարձավ իր բնակավայրից փախուստի առաջատարը:

Այսպիսով, մինչև Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկը, տարածաշրջանը տարեկան մոտ 50 հազար նոր բնակիչ էր ընդունում, իսկ 2019–2021 թվականներին ներգաղթի աճի առումով՝ ժամանողների և մեկնողների հարաբերակցությունը՝ հազար մարդու հաշվարկով նույնիսկ Մոսկվային էր գերազանցում։

Արդեն պատերազմի առաջին տարում Ռոսստատն արձանագրել է, որ 11 հազարով ավելի շատ մարդ է լքել տարածաշրջանը, քան ժամանել է։ Իսկ 2023 թվականին տարածաշրջանը լքողների թիվը 2021 թվականի նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատ 27 տոկոսով ավելի է եղել։ Ընդ որում, պաշտոնական վիճակագրության մեջ ընդգրկված են միայն գրանցումից հանվածները։

Ապրիլի վերջին Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդի շրջանում Ուկրաինայի հետ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում զոհվել է 120 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 651 մարդ։ Զոհվածներից 11-ը և վիրավորներից 51-ը երեխաներ են։ Գնդակոծությունից վնասվածք ստացած երեխաներից ոմանց  ստիպված են եղել անդամահատել վերջույթները։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում, «Медиазона»  և «7x7»-ի գնահատականներով, 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր մահացել է առնվազն 238 խաղաղ բնակիչ, զոհերի մեծ մասը Բելգորոդի շրջանի բնակիչ է։