Լյութֆալիեւը ասել է, որ ինքը կանանցից լավն է եւ առաջարկել է զգալ «ոչ ավանդական սիրո» հմայքները...

Բաքվում նույնասեռականի վրա հերթական հարձակումն է տեղի ունեցել: Ըստ Vesti.Az-ի` Նարիմանովյան շրջանի ոստիկանության 18-րդ բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են սեռական փոքրամասնության ներկայացուցչին ծանր մարմնական վնասվածք հասցրած մի տղամարդու: Սա վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երրորդ նմանատիպ դեպքն է: Ձերբակալվածը 1971թ. ծնված Բահրուզ Նուրահմեդովն է, մասնագիտությամբ նկարիչ, որը մեղադրվում է ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում 1983թ. ծնված Օլեգ Վյաչեսլավովիչ Լյութֆալիեւին պարանոցի հատվածում դանակով հարված հասցնելու մեջ:

Նարիմանովյան շրջանի ոստիկանության գնդապետ Էլմար Գաջիեւը հայտնել է, որ հանցագործությունը կատարվել է № 13 Ա շենքի  15-րդ բնակարանում, որը վարձակալել էր Լյութֆալիեւը:

«Այդ բնակարանում տուժողը հաճախորդներին էր ընդունում: Բանն այն է, որ Օլեգ Լյութֆալիեւը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի եւ վերջին 5 տարիներին անառակությամբ է զբաղվում», - հայտնել է քննիչը: Հայտնի է, որ ձերբակալվածը օգտվել է Լյութֆալիեւի ծառայություններից: Նրանք ծանոթացել են  www.ehtiras.az ծանոթությունների կայքի միջոցով, որտեղ վերջինս կանացի հագուստներով նկար  եւ ինտիմ ծառայությունների մասին հայտարարություն է տեղադրել:

Ամբաստանյալը պնդում է, որ սկզբից չի իմացել, որ Լյութֆալիեւը կին չէ եւ առաջին հանդիպմանը ծաղիկներով գնացել է նրա բնակարան: Երբ իր առջեւ, այսպես ասած, տղամարդ է տեսել, բացատրություն է պահանջել: Լյութֆալիեւն ասել է, որ ինքը կանանցից լավն է եւ առաջարկել է զգալ «ոչ ավանդական սիրո» հմայքները: Ամենայն հավանականությամբ, Նուրահմեդովին դա դուր է եկել, քանի որ դրանից հետո նա նվազագույնը երկու անգամ այցելել է նույնասեռականին: Վերջին այցելության ընթացքում նա գինի է տարել, եւ երբ առավոտյան «երկնագույն սիրո ասպետը»  գումար է պահանջել, նա հրաժարվել է վճարել` պատճառաբանելով, որ գինի է բերել: Այս հողի վրա էլ վեճ է բռնկվել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ոստիկանները հայտնել են, որ վիրավորն այս պահին կոմայի մեջ է: