Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ (ПРО) համակարգը ոչ մի դեպքում ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ: Նման հայտարարությամբ շտապել է հանդես գալ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարկ Թոները` ի պատասխան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` «ԵվրոՀՀՊ» համակարգի մասին ելույթի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նա նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի Ռուսաստանի հետ պայմանավորվածության հասնել Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանություն (ՀՀՊ) տեղակայելու հարցում, չնայած Մեդվեդեւի կոշտ հայտարարությանը:

Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց եւ ազնիվ է Ռուսաստանի նկատմամբ` Եվրոպայում ՀՀՊ տեղակայելու առումով: ԱՄՆ մտադրությունը նա պայմանավորել է դաշնակիցների համար Իրանի սպառնալիքի աճով: Պետքարտուղարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ Ռուսաստանը անհանգստանալու եւ ռազմական բնույթի պատասխան միջոցառումներ ձեռնարկելու ոչ մի պատճառ չունի, քանի որ ՀՀՊ-ն ազդեցություն չի ունենա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական հավասարակշռության վրա: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ, չնայած Մոսկվայի հետ երկխոսությունը հարթելու Վաշինգտոնի ջանքերին, Կրեմլի հռետորաբանությունը չի փոխվում:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ «հիասթափված է» Ռուսաստանի սպառնալիքներից: Ըստ նրա` իրավիճակը հիշեցնում է «սառը պատերազմի» տարիները եւ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական փոխհարաբերությունների շահերից չի բխում: Նա առերեսման փոխարեն համագործակցության կոչ է արել:

Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդեւը «ԵվրոՊրո»-ի մասին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ Ռուսաստանը դուրս կգա Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրից եւ կհրաժարվի զինաթափմանն ուղղված քայլերից, եթե ԱՄՆ-ը շարունակի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության կառուցումը: