Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Փարիզի դիրքորոշումը չի փոխվել, եւ Ֆրանսիան Անկարայի հայտի նկատմամբ  առավել թշնամաբար տրամադրված  երկրներից մեկն է: Այս մասին  հայտնի է դարձել նոյմբերի 23-ին, Ֆրանսիայի նախարարների խորհրդի նիստից հետո, գրում է «Le Nouvel Observateur» -ը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն ներկայացրել է ԵՄ ընդլայնման վերաբերյալ Փարիզի դիրքորոշումը: Դեկտեմբերի 9-ին Եվրոպական խորհուրդը մի շարք որոշումներ կընդունի Սերբիայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի եւ Կոսովոյի  վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Ֆրանսիայի դիրքորոշումը չի փոխվել  այդ երկրի հետ բանակցությունների մեթոդների եւ արդյունքների առումով: Հենց այդ շրջանակում է Ֆրանսիան ուշադիր ուսումնասիրում հանձնաժողովի` կոնկրետ քայլերի միջոցով Թուրքիայի հետ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու առաջարկությունը»,-նշվում է Նախարարների խորհրդի հաշվետվությունում:

Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցությունները նախաձեռնել է 2005 թ-ից, սակայն գործընթացը դանդաղում է Կիպրոսի խնդրի, Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի, մահմեդական երկիր ընդունելու Եվրոպայի զգուշավորության պատճառով: