Ճապոնիայում հուլիսի 1-ից մեկնարկել է Ֆուձի լեռ բարձրանալու սեզոնը, սակայն լեռ բարձրանալ ցանկացողները պետք է վճարեն նոր տուրքեր, ինչը կսահմանափակի զբոսաշրջիկների թիվը եւ կնվազեցնի խցանումներն արահետներին, տեղեկացրել է Reuters-ը։

Առավոտյան ժամը 3-ից պաշտոնյաները բացել են գլխավոր արահետի դարպասները, որով կարող են անցնել 2 հազար իեն (12 դոլար) վճարող լեռնագնացները։ Օրական զբոսաշրջիկների թիվը չպետք է գերազանցի 4 հազար մարդը։ Այս միջոցները ձեռնարկվել են բազմաթիվ բողոքներից հետո՝ կապված լեռան տարածքում կուտակված աղբի, շրջակա միջավայրի աղտոտվածության եւ արահետների վտանգավոր գերծանրաբեռնվածության հետ։