2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 948 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
«Բացի այդ, ձկնաբուծության ոլորտը լրացուցիչ 55 մլրդ դրամի համախաչն արտադրանք է ապահովել, եւ միասին մենք ունեցել ենք 1 տրլն 3 մլրդ դրամ համախառն արտադրանք: Քանակական առումով մենք 2023-ին ոչ ունեցել ենք գյուղատնտեսական արտադրանքի աճ, ոչ էլ՝ նվազում: 2024-ին ամփոփված է դեռեւս առաջին եռամսյակի արդյունքները. Ըդտ այդմ, գյուղատնտեսական համախառն արտադրանքը աճել է 3,4 տոկոսով:
Տարեցտարի կառավարությունն ավելացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող բյուջեն: Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, գյուղատնտեսության բյուջեն ավելացել է 6-7 անգամ: Միանշանակ մարտահրավերներն են ավելացել, որոնք ստիպում են վերադասավորումներ կատարել շուկաների, լոգիստիկ շղթաների»,-ասաց Խոջոյանը:
Նրա խոսքով, իրենց հիմնական նպատակը ռեսուրսախնայող տեխնոլոգիաների, գյուղատնտեսության զարգացմանը միտված, նաեւ գյուղատնտեսական նոր մշակույթի ձեւավորմանն ուղղված ծրագրերն են. «Դրանք միտված են ավելի երկարաժամկետ ազդեցություն թողնել ոլորտի վրա: Ընդհանուր առմամբ, 2024-ին ՀՀ-ից արտահանվել է շուրջ 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավել է 10 հազար տոննայով:
Մենք 2023-ին արտահանել ենք 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Դրա մեջ ծիրանի արտահանումը, օրինակ, կազմել է 30 հազար տոննա: 2024-ին այսօրվա դրությամբ արդեն ՀՀ-ից րտահանվել է 20 հազար տոննա ծիրան:
2024-ին արտահանվել է շուրջ 11,5 հազար տոննա խնձոր. Նախորդ տարի արտահանվել էր 3,8 հազար տոննա, այսինքն էապես ավելացել է:
Լոլիկի արտահանումը մի փոքր կչճատվել է. այս տարի արտահանել ենք 6,1 հազար տոննա լոլիկ, 2023-ին արտահանվել է 14 հազար տոննա լոլիկ: Իսկ ահա, այս տարի արտահանել ենք 4700 տոննա վարունգ, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր ընդամենը 400 տոննա: Անգամներով ավելացել է ծաղկի արտահանումը»,- ընդգծեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է շուրջ 6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:





























