Ռուսաստանն արդեն իրականում չի կարող ազդել Հայաստանի վրա անվտանգության հարցերում, թեև 10 տարի առաջ անվտանգությունն ամենամեծ ձևաչափն էր, ազդեցության գործիքը։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Քաղաքականության մեջ հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն։ Մնում է տնտեսությունը։ Այսօր Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ազդելու միակ միջոցը տնտեսական կապերն են։

Եթե դրանք կտրեն, ի՞նչ կմնա։ Կարելի՞ է դա անել ռացիոնալ կերպով։ Ո՛չ, չի կարելի։ Այսօրվա դրությամբ ես չեմ կարծում, որ դա շատ ձեռնտու է Ռուսաստանին։

Ռուսաստանը Արևմուտքի հետ պատերազմի վիճակում է, որը Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես գոյաբանական, որպես պատերազմ Ռուսաստանի գոյության համար այն տեսքով, ինչպիսին այն կա։

Հենց այդ Եվրոպայի ցանկացած ազդեցություն այն տարածքում, որը Ռուսաստանը ընկալում է որպես իր շահերի գոտի, իսկ հենց այդպես էլ նա ընկալում է հետխորհրդային տարածքը, ընկալվում է շատ բացասաբար։ Դա տեղի է ունենում այն իրավիճակում, երբ ՌԴ-ն պատերազմ է վարում ամբողջ Արևմուտքի դեմ։ Ռուսաստանը դրան արձագանքում է խանդոտ, շատ կտրուկ, հաճախ բացահայտ։

Հայաստանն ասում է․ «Մենք առայժմ, քանի որ մեզ այնտեղ չեն ընդունում, միևնույն է՝ ուզում ենք այնտեղ, որովհետև նրանք ձեզանից լավն են։ Բայց քանի դեռ այնտեղ չենք գնում, եկեք նորմալ ապրենք։ Իսկ հենց որ մեզ թույլ տան գնալ այնտեղ, մենք կգնանք այնտեղ»։

Իսկ Ռուսաստանում դրան ինչպե՞ս կարող են վերաբերվել։ Առավել ևս նման դիմակայության պայմաններում։

Դա նույնպես քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Եվ քաղաքականության այդ բաղկացուցիչ մասն ազդում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Այդ իմաստով Հայաստանը միայնակ չէ։ Ինչպե՞ս են գործերը Մոլդովայի հետ։ Իսկ Բալթյան երկրների հե՞տ։ Դրանք էլ են հետխորհրդային։ Վրաստանում փոքր-ինչ այլ կերպ է, բայց երևույթը մոտավորապես նույնն է»,- նշել է Իսկանդարյանը։

Նրա գնահատմամբ՝ միջանցքների, հաղորդակցությունների, կապերի և այլնի մասին խոսակցությունները քաղաքական նարատիվներ են։

«Իրական, էական որևէ բան ես առայժմ նույնիսկ TRIPP-ի մասին չեմ տեսել։ Որքա՞ն արժե դա։ Ինչպե՞ս կարելի է դա կառուցել։ Քանի՞ տարի է պետք, որպեսզի այն կառուցվի։ Ի՞նչ օգուտ կլինի դրանից։ Որքա՞ն ներդրում է պետք դրա համար։ Ամեն տարի որքա՞ն պետք է ներդնել։ Չէ՞ որ այս ամենից ոչինչ չկա։

Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ վաղ թե ուշ ճանապարհը Հայաստանի հարավով անպայման կլինի՝ կլինի դա 50 տարի հետո, թե 20, ես չգիտեմ։ Այսօրվա դրությամբ դա դժվար թե լինի։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, նարատիվ է։ Սա պարզապես խոսակցություն է այդ հեռանկարի շուրջ։ Առայժմ ես ոչ մի էական բան չեմ տեսնում»,- ընդգծել է քաղաքագետը։