Երբ համաշխարհային շուկայում պարարտանյութի գները կտրուկ շուրջ 3 անգամ բարձրացան, կառավարությունը ֆերմերների հոգսը մեղմելու համար պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացրեց: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«Մենք ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի պաարարտանյութերի գնի մինչեւ 50 տոկոս սուբսիդավորում էինք հայտարարել, բայց նկատեցինք ծրագրի շրջանակում ձեռք է բերվել միայն ազտոական պարարտանյութ: Դա մեզ համար վատ ազդակ էր: Երբ սկսեցինք ավելի խորը ուսումնասիրել հարցը, հասկացանք, որ ՀՀ-ում ֆերմերները շարունակաբար հողը հարստացնում են հիմնականում ազոտական պարարտանյութով:

Պատկերացրեք, որ մենք ամեն օր ուտենք մեր օրգանիզի համար շատ օգտակար, բայց միայն մեկ ուտելիք: Դա կհանգեցնի նրան, որ մեր արտադրողականությունն ինչ-որ պահից կընկնի, մենք առողջական խնդիրներ կունենանք, հետեւաբար պետք են այլ սննդարար նյութեր:

Միակողմանի միայն ազոտական պարարտանյութով հողերի հարստացումը բերում է նրան, որ մենք ունենում ենք բերքատվության անկում: Դա է պատճառը, որ լոլիկի միջին բերքատվությունը ՀՀ-ում 35 տոնն ա մեկ հեկտարից, կարտոֆիլի բերքատվությունը 18 տոննա է, այնինչ կարող է առնվազն կրկնակի ավել լինել»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, այս խնդրի լուծումը նաեւ կենսաբանական պարարտանյութերի կիրառումն է.  «Մեր ֆերմերների մոտ չկա կենսաբանական պարարտանյութ օգտագործելու մշակույթը: Հիմա քննարկվում է, թե որոնք են այն գործիքները, որոնք հնարավորություն կտան կենսաբանական պարարտանյութի կիրռումը մասայական դարձնել»: