Այսօր «Չորրորդ իշխանություն» օրաթերթը չի տպագրվել, սակայն փոխարենը տպագրվել է նոր անվանումով թերթ` «Չորրորդ ինքնիշխանություն»: Սրա պատճառն այն է, որ երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցներն այցելել են «Չորրորդ իշխանություն» օրաթերթի խմբագրություն եւ ներկայացրել որոշում, որով, թերթի տպագրումը պետք է արգելվի: Ընդ որում, այն պետք է արգելվի «ցանկացած այլ ընկերության կողմից, որևէ այլ տպարանում»: Նման որոշում կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Խանդանյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Գինդ» տպարանը դատական հայց էր ներկայացրել «Օգոստոս» գործակալության դեմ, որն այն ժամանակ տպագրում էր «Չորրորդ իշխանություն» թերթը։ Այդ դատական գործընթացը դեռ չի ավարտվել։ Դրանից հետո թերթը սկսել է տպագրվել այլ ընկերության՝ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի կողմից եւ անմիջական առնչություն չունի «Գինդ-Օգոստոս» դատական վեճի հետ։
Սկզբում այս դատական հայցին խմբագրությունում վերաբերվել են որպես տնտեսական վեճի, որը դեռ հանգուցալուծում չի ստացել, սակայն դատարանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի այդ դատական վեճին որպես երրորդ կողմ ներգրավվի նաեւ «Կողմնակի անձանց Մ» ընկերությունը: Վերջինս հրաժարվել է, մասնակցել դատավեճին՝ հայտարարելով, որ որեւէ առնչություն չունի «Գինդ-Օգոստոս» վեճի հետ։ Ի պատասխան, դատարանը որոշել է արգելել «Կողմնակի անձանց Մ» ընկերությանը եւ «ընդհանրապես բոլոր մյուս կազմակերպություններին» տպագրել «Չորրորդ իշխանություն» թերթը։
Երեկ «ՉԻ» խմբագրություն էին այցելել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության 4 աշխատակիցներ, որոնք ժամեր շարունակ նստել և սպասել են «Օգոստոս» գործակալության տնօրեն Մհեր Ղալեչյանին և «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Մաթևոսյանին: Նրանց կարգադրիչները պետք է հանձնեին թերթի տպագրությունն արգելելու մասին ԴԱՀԿ որոշումները:
Այս զարգացումների առնչությամբ «ՉԻ» խմբագրակազմը հայտարարել է. "Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին լուրջ մարտահրավերներն ու դրանցով պայմանավորված վտանգավոր զարգացումները, «Չորրորդ իշխանություն» թերթը ՀՀ տարածքում ժամանակավորապես լքում է ասպարեզը` իր տեղը զիջելով «Չորրորդ ինքնիշխանությանը»:




























