Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակում այսօր` նոյեմբերի 25-ին, բողոքի հերթական զանգվածային ակցիան է ծրագրված` «Վերջին հնարավորությունը կամ զոհվածների իրավունքը»: Ակցիային մասնակցելու մասին հայտարարել են 44 կուսակցությունների եւ շարժումների ներկայացուցիչներ:
Ցուցարարների պահանջները նույնն են` ռազմական իշխանությունների անհապաղ հեռացում, մինչեւ նախագահական ընտրությունները երկիրը ղեկավարելու համար ազգային փրկության կառավարության ձեւավորում: Նախագահական ընտրությունները կայանալու են հաջորդ տարվա մարտին, իսկ ժողովրդի ընտրած ղեկավարությանը իշխանությունը վերջնականապես կփոխանցվի 2012թ. ապրիլից ոչ ուշ:
Ընդ որում, «Եղբայր մուսուլմանների» շարժումը հրաժարվել է մասնակցել ուրբաթ օրվա ակցիային: Իրենց հայտարարության մեջ իսլամիստները հայտարարել են, որ ընտրությունների նախաշեմին հանդես են գալիս երկրում իրավիճակի կայունացման օգտին:
Իստ ՌԻԱ Նովոստիի`Թահրիրի ակցիային մտադիր են միանալ եգիպտական նահանգները: Բոլոր խոշոր քաղաքներում եւս ցույցեր են նախատեսված` ի պաշտպանություն Թահրիրի պահանջների:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի մարշալ Հուսեյն Տանտաուին նախկին վարչապետ Քամալ ալ Գանզուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել: Ցուցարարները նոր վարչապետի նշանակման մասին որոշումը ողջունել են հրավառություններով:
Նախօրեին երկրի ռազմական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նախատեսված օրը` նոյեմբերի 28-ին, եւ խոստացել նախքան ընտրությունները նոր կառավարություն ձեւավորել:



























