Ուկրաինան չի կարող վստահել բռնապետ Վլադիմիր Պուտինին հրադադարի հարցում, քանի որ նա մարդասպան է եւ ագրեսոր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ի հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է cease-fire-ին (հրադադարին)։ Մենք պատերազմում չենք կարող պարզապես խոսել հրադադարի մասին։ Ինձ պլան է հարկավոր նաեւ մեր մարդկանց համար։ Մենք չենք կարող վստահել Պուտինի, որովհետեւմեզ համար նա մարդասպան է եւ ագրեսոր»,- ասել է նա։
Նախագահը հիշեցրել է, որ ուկրաինական կողմը հարյուրավոր հանդիպումներ է ունեցել դեռ Մինսկի համաձայնագրերից սկսած, տարիներ առաջ։
«Պայմանավորվել ենք հրադադարի մասին, եւ ՌԴ-ն այդ ամենը խափանել է ու սպանել մեր մարդկանց։ Ուստի, միայն եթե դա լինի միջազգային հարթակում առաջնորդ երկրների ներկայությամբ, որոնց վստահում են։ Նրանք կարող են տարբեր կարծիքներ ունենալ, բայց մենք պետք է լինենք նույն կողմում, վստահենք միմյանց»,- ընդգծել է Զելենսկին։
Նա ավելացրել է, որ խաղաղության գագաթաժողովը ցույց է տվել, որ Ուկրաինան կարող է ընթանալ այդ պլանով, ուստի այսօր խոսում են էներգետիկ եւ միջուկային անվտանգության մասին։
«Կմշակվի հստակ պլան։ Ինչ վերաբերում է հրադադարին, նույնպես շատ հստակ պլան է անհրաժեշտ։ Մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն չի օգտագործի cease-fire-ը այն բանի համար, որ տեխնիկա կուտակի մեր տարածքում, որը նրանք զավթել են, որովհետեւ մենք նրանց չենք կանգնեցնի այս կամ այն հարվածներով։ Այսինքն՝ նրանք կարող են պարզապես ուժեղ բռունցք կենտրոնացնել, դրանից հետո մեզ մեղադրել, ինչպես արդեն եղել է, որ մենք խախտել ենք, օրինակ, հրադադարը, եւ էլի մեկ ներխուժում սկսել։ Մեզ համար սա շատ դժվար է»,- հայտնել է նա։
Զելենսկին ավելացրել է, որ եթե ՌԴ ներխուժումը հրադադարից հետո լինի այնպիսին, ինչպիսին 2022թ. սկզբին էր, ապա դա կնշանակի մեծ կորուստներ Ուկրաինայի համար։
«Այսինքն՝ ես չեմ ցանկանում տհաճություններ իմ պետության համար։ Մենք այդպես էլ պատերազմի մեջ ենք։ Գերազանցություն տալ Ռուսաստանին այսօր՝ պարզապես անհնար է։ Մենք պետք է խելացի լինենք։ Եվ նորից կարեւոր է. ո՞վ դրա համար պատասխանատվություն կկրի՝ ուկրաինացիներից բացի, իրենց կյանքով։ Ո՞ր երկիրը։ Հեշտ է պայմանավորվել հրադադարի մասին եւ շատ դժվար է պահել այն։ Շատ դժվար կլինի հետո գտնել նրանց, ոքվեր պետք է պատասխան տան, թե ինչու cease-fire-ը խափանվեց»,- ընդգծել է նախագահը։




























