ԱՄՆ-ը եւ Չինաստանը կարող են միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի հետ բանակցությունների դեպքում։ Դա թույլ կտա արդարացի ավարտել պատերազմն Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ի հարցազրույցում։

«Ես կարծում եմ՝ Ամերիկան, Չինաստանը։ Ես գիտեմ, որ նրանք մեծ հարցեր ունեն։ Ես դա հասկանում եմ։ Բայց ինձ թվում է, որ եթե մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն արդարացի ավարտվի Ուկրաինայի համար, ամբողջ աշխարհի համար, նրանք պետք է ինչ-որ տեղ դիրքեր գտնեն, որպեսզի կանգնեցնեն Պուտինին միասին։ Յուրաքանչյուրը՝ յուրովի, բայց միասին»,- ասել է նա։

Հակառակ դեպքում, նախագահի խոսքով, կառաջարկվի պատերազմի ավարտ, որն արդարացի չի լինի Ուկրաինայի համար։

«Չէ՞ որ Ռուսաստանը կխաղա, Պուտինը կտեսնի, որ աշխարհի մեծ մասը Ուկրաինայի կողմում չէ եւ աշխարհը բաժանված է։ Նա աշխատում է այդ ուղղությամբ, եւ նրա թիմը մշտապես այդ ուղղությամբ աշխատում է։ Ուստի, ինձ թվում է, ամենահզորը ԱՄՆ եւ Չինաստանի երկկողմանի ճնշումն է»,- փաստել է Զելենսկին։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ առայժմ հնարավոր է միայն բանակցությունների մեկ մոդել ռուսաստանցի բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրա համար անհրաժեշտ է գործի դնել միջնորդների, որոնք ներգրավված են հացահատիկի միջանցքի ստեղծման գործում։