ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ըստ ամենայնի, տեսանելի ապագայում կվերադառնա հայրենիք, գրում է «Коммерсантъ»-ը։

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ ПИР կենտրոնի* 30-ամյակի առթիվ: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել կենտրոնի հետ գրեթե հիմնադրման պահից՝ 1994 թվականից և այս ամբողջ ընթացքում աջակցել Ձեր թիմի անխոնջ գործունեությանը՝ ի շահ հայրենիքի։ Երեք տասնամյակ շարունակ կենտրոնը ծառայել է որպես խոր փորձաքննության և միջազգային անվտանգության ապահովման նվիրվածության օրինակ: Դուք նշանակալի ներդրում եք ունեցել սպառազինությունների չտարածման, վերահսկման և գլոբալ կայունության արդի խնդիրների ուսումնասիրության մեջ՝ դառնալով առաջատար վերլուծական հարթակներից մեկը ոչ միայն Ռուսաստանում, այլև արտերկրում»,- ասված է ПИР կենտրոնի հիմնադիր և տնօրեն Վլադիմիր Օրլովին ուղղված նամակում։  

Միևնույն ժամանակ, նամակի վերջում, Անատոլի Անտոնովի ձեռագրով ավելացված է. «Գործուղումս ավարտվում է։ Հուսով եմ՝ միասին կշարունակենք պաշտպանել հայրենիքի շահերը»։

*ПИР կենտրոնը միջազգային անվտանգության ոլորտում հետազոտական, կրթական և հրատարակչական գործունեության մեջ մասնագիտացած վերլուծական կենտրոն և արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանի առաջատար հասարակական կազմակերպություն է։ Կենտրոնը խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս տեղեկությունը, հայտարարել է, որ այս հարցում մեկնաբանության պատճառ չկա, «ցանկացած մարդ կարող են անձնական ծրագրեր ունենալ»։

«Դեսպանների նշանակման և փոխարինման մասին որոշումներն ընդունում է նախագահը»,- հավելել է Զախարովան։