Պաշտոնական այցով Դանիա ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նոյեմբերի 24-ին Կոպենհագենում հանդիպում է ունեցել Դանիայի ԱԳ նախարար Վիլլի Սյովնդալի հետ, որի ժամանակ նշվել է, որ Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը հիմնումը նոր էջ կբացի հայ-դանիական հարաբերություններում: 

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Դանիայում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու եւ ամրապնդելու մեր նպատակադրվածության մասին: Երկուստեք կարեւորվել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը: 

Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ  հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցության վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանն ու Վիլլի Սյովնդալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: Նախարարները պայմանավորվել են խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ Դանիայի խորհրդարան, ուր հանդիպում է ունեցել Ֆոլկեթինգեթի նախագահ Մոգենս Լյուքեթհոֆթի հետ: 

Դանիայի խորհրդարանի ղեկավարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:Կոպենհագենում նախարար Նալբանդյանը հանդիպել է Դանիայի ԱԳՆ տնտեսական եւ ռազմավարական հարցերով պետքարտուղար Լարս Թուզենին, ում հետ քննարկել է առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր: