«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը պետք է տարածվեն նաեւ Վրաստանի հայալեզու Ջավախք տարածաշրջանի վրա, իսկ Սփյուռքի նախարարության ծրագրերը` նաեւ Աբխազիայի հայերի: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի պատգամավոր, հանրապետական Հայկ Սանոսյանը:
Նշենք, որ «Հայաստան» հիմնադրամի ծրագրերը անցած տարի ներառել են դպրոցների եւ ճանապարհների վերանորոգում սահմանամերձ գյուղերում: Վերջին տարիներին հիմնադրամը հիմնականում կենտրոնացել է Լեռնային Ղարաբաղի վրա:
Ըստ Սանոսյանի, աջակցության կարիք ունեն նաեւ Ջավախքի հայերը:
Ի դեպ, պատգամավորը նոյեմբերի 15-ին կոչ էր արել դեմ քվեարկել 2012թ. բյուջեի նախագծին, քանի որ այնտեղ բավարար քանակությամբ գումար նախատեսված չէ Ջավախքին օգնելուն:
Սփյուռքի աջակցության կարիքն ունեն նաեւ Աբխազիայի հայերը, մոտ 40 հազար մարդ: «Կառավարությունը պետք է աջակցություն ցուցաբերի նրանց, թեկուզ կրթական եւ մշակութային ծրագրերի միջոցով»,- ասել է Սանոսյանը:



























