Հաջորդ մրցաշրջանում Վարդան Մինասյանը կզբաղեցնի Փյունիկի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Դեկտեմբերի 1-ից Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնում Մինասյանին կփոխարինի Սուրեն Չախալյանը:
Այդ մասին այսօր, նոյեմբերի 25-ին Ֆուտբոլի ակադեմիայում Վարդան Մինասյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսում հայտարարեց Փյունիկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը:
«Վարդան Մինասյանը շատ ծանրաբեռնված է հավաքականում, թիմի առջեւ բարձր խնդիրներ են դրվում: Բացի այդ, ժամանակն է երիտասարդ մարզիչներին տալ աճելու հնարավորություն: Նրանք պետք է ապացուցեն, որ լավ մարզիչ են»,- նշեց Կարեն Հարությունյանը:
Ավարտված մրցաշրջանում Հայաստանի սուպերգավաթը նվաճած Փյունիկը նոր մրցաշրջանում լեգիոներներ չի հրավիրի եւ թիմը կհամալրի սեփական երիտասարդ կադրերով:
«Մեր միակ ուղին թիմը տեղացի, երիտասարդ ֆուտբոլիստներով համալրելն է: Քաղաքականությունը նույնն է. օտարերկրացիներ չեն հրավիրվի: Հնարավոր է` դիտարկվեն դրսում խաղացող հայ ֆուտբոլիստներ»,- նշեց Կարեն Հարությունյանը:
Նա դրական է համարում ՀՖՖ-ի որոշումը, որով արգելվեց օտարերկրացի դարպասապահների մասնակցությունը Հայաստանի առաջնությունում: Ակումբի գործադիր տնօրենը բարդություններ չի ակնկալում նաեւ առաջնության անցկացման աշուն – գարուն համակարգին անցնելուց:




























