Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 13:38-ին 3,1 բալ ուժգնությամբ (ըստ Ռիխտերի սանդղակի) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Թբիլիսիի ջրամբարի տարածքում։ Նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է «GHN», զոհեր եւ ավերածություններ չկան։
Սեյսմոլոգների տվյալներով, վերջին երեք տարվա ընթացքում սա արդեն երրորդ երկրաշարժն է այստեղ։ Ապագայում չեն բացառվում նոր ստորգետնյա ցնցումներ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Թբիլիսիի մարզում երկրաշարժ էր գրանցվել հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան։ Այդ ժամանակ ուղղահայաց ցնցումները զգացել են Վրաստանի մայրաքաղաքի բոլոր բնակիչները։
Սեպտեմբերին եւս Վրաստանում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, ինչի արդյունքում Հարավային Օսիայի մոտ գտնվող Ռաչայի շրջանում ուժեղ ավերվածություններ էին եղել։




























