Պարզվում է Նոր-Նորքի 9-րդ զանգվածում մոլագար չկա, ինչպես այդ մասին ահազանգել էին այդ թաղամասի բնակիչներից մի քանիսը:
Պարզապես ինչ- որ մի տղա մանկապարտեզի մոտ ցանկացել է ծանոթանալ մի աղջկա հետ եւ համառ տղային «մանյակի» պիտակ են կպցրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում Նոր Նորքի թիվ 120 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Քերոբյանը ասել էր, որ նախորդ ուրբաթ օրը «Մանյակ» կոչվածը հարձակվել է ծնողներից մի քանիսի վրա, քաշքշել նրանց, փորձել մեկի շալվարն իջեցնել ու մարմնական վնասվածքներ հասցրել: Այդ մասին տնօրենին ծնողներն են ահազանգել: Իսկ միջադեպից 15 րոպե անց ոստիկանները շրջապատել են տարածքը, սակայն մինչ այժմ նրանց չի հաջողվել հայտնաբերել հանցագործին:
Իսկ այսօր Անահիտ Քերոբյանը NEWS.am-ի թղթակցին հետեւյալը փոխանցեց. «Ոչ մի հիմքեր չկային: Նորմալ երեխաները հաճախում են: Փաստորեն ստացվեց, որ մեկի հետ սիրահետման ինչ-որ բաներ են եղել: Չգիտեմ դա նրա ընկերն է, թե` ոչ»:
Հարցին, ոստիկանները շարունակո՞ւմ են վերահսկել տարածքը, թե` ոչ, նա ասաց. «Դե նրանք էլ ոչ մի հիմք չունեն, քանի որ ասվածը, ինչ -որ անհիմն բաներ են եւ նման բան չկա»:
Իսկ Ոստիականության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք մի քանի անգամ ասել են, որ այդ տեղեկատվությունը չի համապաատսխանում իրականությանը: «Ինչ-որ մի տղա ցանկացել է ծանոթանալ աղջկա հետ եւ ընդամենը դա է»,- ավելացրեց Արմեն Մալխասյանը:


























