Հայաստանի հանրապետությունում չեն գործում ոչ ՀՀ սահմանադրությունը, ոչ էլ օրենքները, իսկ ՀՀ քաղաքացին իր սեփական երկրում հայտնվել է բացարձակ անպաշտպան վիճակում: Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որն ազատության մեջ հատնվելուց հետո համակարգում է Հայ Ազգային Կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի աշխատանքները, ՀԱԿ գրասենյակում տված ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե կոնգրեսն այսուհետ արձագանքելու է հանրապետության պետական, իրավական համակարգերում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: «Օրերս ավարտվեց „մարտի 1-ի գործեր“ անվանակոչված առաջին մեծ խումբ դատավարություններից վերջինը: Ինչ հետեւությունների կարող ենք հանգել, ինչ եզրակացություններ անել Հանրապետությունում առնվազն տարի ու կես շարունակվող վարչական, ոստիկանական հալածանքների ու հետապնդումների, հարկային ու մաքսային տեռորի, քրեական կամային, ապօրինի գործընթացների ու ավարտված դատական վարույթների արդյունքում»,- հարցադրում արեց Ջհանգիրյանը եւ մեկ առ մեկ ներկայացրեց իր մոտեցումները.
Առաջին: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ու դատական համակարգը ըստ էության չեն իրականացնում իրենց սահմանադրական, օրենսդրական լիազորությունները: Նրանք ամբողջովին վերածվել են վարչախմբի քաղաքական պատվերներն ու հրահանգները սպասարկող, մեծահարուստների, պետական պաշտոնյանների բիզնեսն ու ունեցվածքը պաշտպանող, նրանց ու նրանց ընտանիքների անդամների հանցանքները քողարկող, կոծկող կառույցների:
Երկրորդ: ՀՀ իրավապահ ու դատական մարմինները ոչ միայն չեն կատարում սահմանադրությամբ ու օրենքներով իրենց պատվիրակված լիազորությունները (պարտականությունները), այլեւ իրենց ամենօրյա հակաօրինական ու ապօրինի գործողություններով ոտնահարում ու խախտում են թե սահմանադրությունը, թե գործող օրենքները:
ՀՀ հազարավոր քաղաքացիներ շարունակվում են ենթարկվել վարչական, ոստիկանական, քրեական հետապնդումների իրենց քաղաքական հայացքների ու համոզմունքների, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար: Հարյուրավորները ձերբակալվել, կալանավորվել ու դատապարտվել են միմիայն իրենց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները իրացնելու պատճառով:
ա. Ոստիկանությունը գերծանրաբեռնված է իրեն ոչ հատուկ գործառույթներով (մասսայական քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ, հավաքների, երթերի, ցույցերի, քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակումներ, ճանապարհների ու բնակավայրերի շրջափակումներ), որոնք այդ մարմնից հսկայական ջանքեր, ժամանակ, մարդկային ու նյութական ռեսուրսներ են խլում: Միաժամանակ ոստիկանությունը իրավասու չէ միջամտել վարչախմբի հենասյուները հանդիսացող կրիմինալ-փողատերերի ու բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց մանկլավիկների ռազբորկաներին, հրապարակային խուլիգանական դրսեւորումներին ու ծանրագույն այլ հանցագործություններին:
բ. Հատուկ Քննչական Ծառայությունը, այսօր դարձել է քրեական իրավունքի ու տեսության հետ որեւէ աղերս չունեցող, մեղադրանքներ ձեւակերպելու, կեղծիքներով, ահաբեկումներով, ապացույցներ հայթհայթելու, երիտասարդ քննիչներին այլասեռելու ու փչացնելու, հայրենի նախաքննությունն ու քրեական դատավարությունը վարկաբեկելու լավագույն ցեխ ու արտադրամաս:
գ. ՀՀ Դատախազությունը լիովին մոռացության է մատնել սահմանադրական մարմնի իր կոչումն ու առաքելությունը: Այն ամբողջովին վերածվել է քաղաքական ընդդիմադիրների, նրանց ընտանիքի անդամներ ու հարազատների, նույնիսկ ընկերների նկատմամբ արհեստական քրեական խարդավանքների մոգոնման ու նախագծման կոնստրուկտորական բյուրոյի, որից օրինականություն ու արդարություն ակնկալելը նույնքան անհույս է, որքան ազնվությունն ու բարությունը` սատանայից:
Երրորդ: Մեր «անկախ» դատարանները վերեւից իջեցվող հրահանգներով շարունակում են կեղծ ու շինծու մեղադրանքներով ու ապացույցներով կալանավորել, դատել ու դատապարտել ոչ միայն որեւէ իրավախախտում ու հանցանք չկատարած անձանց, նաեւ առանց ապացույցների: Համատարած խախտում են անհիմն ամբաստանվողների հնարավոր ու անհնար բոլոր դատավարական իրավունքները: Տառացիորեն վերջերս այս ոլորտում նոր ռեկորդ սահմանվեց: Դատարանը ամբաստանյալ պատգամավորին զրկեց ոչ միայն ցուցմունք տալու, այլեւ պաշտպանական ճառով հանդես գալու ու նաեւ վերջին խոսքի իրավունքից:
Չորրորդ: Հայաստանի հանրապետությունում չեն գործում ոչ ՀՀ սահմանադրությունը, ոչ էլ օրենքները: Իսկ եթե վարչախմբին այնուամենայնիվ անհաժեշտ է լինում կիրառել դրանց ինչ որ դրույթներ, ապա դրանք մեկնաբանվում ու գործադրվում են տվյալ պահին ձեռնտու ու նպատակահարմար տարբերակով: Գործող օրենսդրությունն ըստ էության վատը չէ, այն կատարելագործվում է շուրջ քսան տարի: Այստեղից Հայաստանում հրատապ, օրախնդիր է ոչ թե օրենքների բարեփոխումն ու կատարելագործումը, այլ դրանց համապարտադիր գործադրումն ու կիրառումը:
Հինգերորդ: ՀՀ քաղաքացին իր սեփական երկրում հայտնվել է բացարձակ անպաշտպան վիճակում:
Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում հաշտվել ու համակերպվել նման իրավիճակի հետ, երբ վտանգված է Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, նրա գոյության փաստն իսկ: Համաժողովրդական շարժումը դատապարտված է հաղթանակի:
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու, այն շտկելու որպես առաջին նախապատրաստական քայլ Հայ Ազգային Կոնգրեսը մոտ օրերս հայտարարելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների ու ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան հիմնելու մասին»,- ազդարարեց գլխավոր դատախազի նախկին տեղակալը:



















