Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը արվել է ոչ թե սրտի ցավով, այլ նպատակ ունի վարկաբեկել քաղաքական գործընթացները: Գեղարքունիքի մարզում կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը:
«Ցավոք, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով եւ ոչ նպատակ ունենալով բարալավել մեր քաղաքական գործընթացները, կոնկրետ ընտրական պրոցեսները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկել սկսած գործընթացները: Ինչպես գիտեք մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ: Վերջին երկու ընտրությունները` եւ նախագահական, եւ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին` հիմնականում համապատասխանող ընտրություններ: Մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի: Եվ դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ»,- նշել է նախագահը եւ հավելել, որ այդ նպատակով փոփոխություններ են արվել ընտրական օրենսգրքում:
«Մենք ոչ միայն նպատակ ունենք, այլեւ կոնկրետ գործողություններ ենք կատարում: Կարծում եմ, որ այս հայտարարության նպատակը, ուղղակի սեւացնելն է եւ այդ գործընթացներին վնասելը: Կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու, եւ հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու եւ ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձեւով, այլ բոլոր քաղաքական պրոցեսները հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց նպատակը, մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավվել, եւ կարծում եմ, որ բոլորը հնարավորություն ունեն դրանում համոզվելու»,- նկատել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր հղել Հայաստանի նախագահին` պահանջելով որոշակի քայլեր կատարել արդար ընտրությունների անցկացումը երաշխավորելու համար: Նա մասնավորապես, առաջարկել էր, որ Նախագահն ու գործող մյուս պաշտոնյաները հրաժարվեն բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից, դադարեցնեն բուհերի քաղաքականացումը:


























