Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի սպորտային դահլիճում դեկտեմբերի 2-3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011»-ին մասնակցելու համար արդեն Հայաստան է ժամանել Մակեդոնիայի պատվիրակությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մանկական եվրատեսիլի» կազմակերչական կոմիտեի մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ի գիշերը կժամանի նաեւ Լիտվայի պատվիրակությունը, իսկ նոյեմբերի 28-ին կժամանեն մնացած պատվիրակությունները եւ արդեն կսկսեն բոլոր փորձերը:
Արտակ Վարդանյանի խոսքով` արդեն Հայաստան են ժամանել նաեւ Եվրոպական հեռարձակողների միության անդամները, մարզահամերգային համալիրում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ-2011» մրցույթը կկայանա Երեւանում, դեկտեմբերի 2-3-ին: Մրցույթին կմասնակցեն 14 երկրների 10-15 տարեկան ներկայացուցիչներ:Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Դալիթան` Welcome to Armenia երգով: Նա սեպտեմբերի 17-ին հաղթող է ճանաչվել մրցույթի ընտրական փուլում:




























