«Թաթար-ինֆորմ» գործակալությունը հուլիսի 15-ին հրապարակել է տեսանյութ, որում Կազանի իմամ Թիմուր Կամաեւը խորհուրդ է տալիս, թե ինչպես պետք է ամուսինը վերաբերվի կնոջ հետ, եթե նա «ինչ-որ բան այնպես չի անում»։ Նա խորհուրդ է տալիս սկսել «խրատից», բայց եթե «դա չի ընկալվում», կարելի է անցնել «ամուսնական օթյակը բաժանելուն», սա «պետք է կնոջը ստիպի մտածել»։ Իսկ ծայրահեղությունների դեպքում, շարունակում է Կամաեւը, [Ղուրանի այաթում] կա «թեթեւ ծեծ»։ «Բայց այստեղ պետք է հիշել. «թեթեւ ծեծ» եւ «ծեծ» տերմինները տարբեր բաներ են»,- ավելացրել է իմամը։

«Այստեղ թեթեւ ծեծ ասելով նկատի է առնվում այն, որ կինը, նախ, պետք է հասկանա, որ ինչ-որ բան այնպես չի անում։ Այս առումով կա, օրինակ, միսվակ, փոքրիկ մահակ, որը մուսուլմանների մոտ է առկա, եւ ահա կնոջը մի երկու անգամ պետք է հարվածել միսվակով, երբ ձեռքն աշխատում է միայն արմունկից, այսինքն՝ ոչ լրիվ ուսահոդից, փոքր հարվածներով։ Իմաստն այն է, որ մարդը չվնասվի, կապտուկներ չմնան, այլ զգուշորեն հասկացնել. կանգ առ, դու ճիշտ չես անում, եւ որ ամուսինն արդեն դժգոհ է, որ նա արդեն հասել է այն բանին, որ արդեն ձեռք է բարձրացնում»,- ասում է իմամը, հայտնել է «Медуза»-ն։

«Թաթար-ինֆոյի» հրապարակումից շատ չանցած հոլովակը հանվել է յութուբից, իսկ հաջորդ օրը հայտարարություն է արվել, որում ասվում է, որ ԶԼՄ-ները տարածում են տեսանյութը «ընտանիքում ձեռքերի գործադրման մասին իմամի կարծիքի համատեքստից կտրված»։ Գործակալությունը հավաստիացնում է, որ «մեջբերումը եւ համատեքստը», որոնք օգտագործել են այլ պարբերականներ, «չեն համապատասխանում այն բանին, ինչ ասել է իմամը»։ «Հարցազրույցում նա ընդգծում է, որ ծեծը մեղք է իսլամում, չարիք, որին հաջորդում է պատիժը, իսկ կանանց, որոնք դարձել են ընտանեկան բռնության զոհ, նա հորդորում է  լռության չմատնել խնդիրը, այլ օգնության համար դիմել խազրաթ եւ ոստիկանություն»,- ասվում է խմբագրության հայտարարությունում։

Այնուհետեւ «Թաթար-ինֆոն» տարածել է եւս մեկ հայտարարություն՝ «Մենք բռնությունն անընդունելի ենք համարում ցանկացած կրոնում» վերնագրով։  Դրանում ասվում է, որ իմամը մի քանի անգամ հարցազրույցում կրկնել է, որ «կնոջը չի կարելի ծեծել ոչ մի դեպքում» եւ որ ընտանիքում բոլոր հարցերը պետք է լուծել առանց ֆիզիկական բռնության»։ «Մենք ափսոսում ենք, որ հարցազրույցի թեման բացասական արձագանք է առաջացրել իսլամի հանդեպ, որը խաղաղ կրոն է»,- գրում են լրագրողները։

Թաթարստանի մուսուլմանների Հոգեւոր վարչությունում (ՄՀՎ), ի պատասխան ԶԼՄ-ների հարցերի, կոչ են արել «ծանոթանալ Թիմուր Կամաեւի տեսապոդկաստի ամբողջական տարբերակին։ Դրանում ասվում է, որ իսլամում ծեծն անթույլատրելի է, եւ որ ֆիզիկական եւ բարոյական վնասի պատճառումը որեւէ մեկին մեղք է, նշել է «Կոմերսանտը»։ «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք պետք է դիմեն խազրաթ եւ ոստիկանություն»,- ավելացրել են ՄՀՎ-ում։

ՄՀՎ ղեկավարի տեղակալ Դամիր Մուխետդինովը «Газете.ру»-ին ասել է, որ նշյալ այաթը «չի կարելի դիտարկել համատեքստից կտրված»։ Նա ավելացրել է, որ իսլամը միչեւ հիմա խրախուսում է «դաստիարակիչ միջոցները» կանանց հանդեպ, բայց Թիմուր Կամաեւը, նրա կարծիքով, իր հոլովակում, «հավանաբար, վկայակոչում է այդպիսի դրույթներ», ինչպես նաեւ «նշում է, որ այաթը չպետք է հասկանալ տառացիորեն» եւ «զգուշորեն ձգտում է կանխել ծեծը»։ ՄՀՎ-ում համոզված են, որ «թեթեւ ծեծը» Ղուրանի բնօրինակում պետք է հասկանալ «կապը խզել» իմաստով։

Ինչպես նշել է Կազանի «Бизнес Online» պարբերականը,  տեսանյութի վերջում իմամը ընդգծում է, որ ծեծը «ոչ մի դեպքում չի թույլատրվում իսլամում որեւէ ձեւով», իսկ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում «ծեծում է, ուրեմն՝ սիրում է» նախադասությանը, ասում է. «Սիրող մարդը չպետք է զբաղվի ծեծով։ Տղամարդիկ չպետք է ծեծեն իրենց կանանց ոչ մի դեպքում։ Մի խոսքով՝ ոչ ամուսինը պետք է ծեծի կնոջը, ոչ կինն ամուսնուն»։ Սակայն կանանց «ծեծելու» անթույլատրելիության մասին, ինչպես երեւում է իմամի՝ «Бизнес Online»-ում կատարված մեջբերումներից, նա տեսանյութի հաջորդ հատվածներում չի արտահայտվում։