Էստոնիայի ֆինանսների նախարարությունը երկրի կառավարությանը կներկայացնի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանին հսկողության խստացման նոր ծրագիր, ըստ որի երկու անցակետերը՝ Լուհամաա և Կոիդուլա, բաց կլինեն միայն ցերեկային ժամերին։ Նախկինում նմանատիպ սահմանափակում էր մտցվել Նարվա սահմանային անցակետի հետ կապված, հաղորդում է ազգային պետական հեռուստատեսության և ռադիոյի ERR պորտալը։
Պորտալի տեղեկություններով՝ երկու կետերով միայն ցերեկային ժամերին հնարավոր կլինի բեռնափոխադրումներ կատարել և մեքենայով հատել սահմանը։ Նախատեսվում է, որ Կոիդուլայի անցակետը բաց կլինի ժամը 5:00-ից 22:00-ն, ապրանքների մաքսազերծումը կլինի 7:00-ից 19:00-ն: Լուհամաա անցակետը բաց կլինի ժամը 7:00-19:00-ն և ամբողջությամբ փակ կլինի հետիոտների համար: Այս միջոցառումներն ուղղված են պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը։
Ոստիկանության և սահմանապահ վարչության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիները կազմում են Լուհամաա անցակետով սահմանը հատողների ընդհանուր թվի 25%-ը։
Հունիսի 23-ին Էստոնիայի ոստիկանությունը և սահմանապահ ծառայությունը (PPA) հայտարարեց, որ պատրաստ են արագորեն փակել Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը, եթե իրավիճակը պահանջի։ Ռուսաստանի Դաշնության և Էստոնիայի սահմանին երեք սահմանային անցակետ կա՝ Նարվա, Լուհամաա և Կոիդուլա։ Նարվա անցակետի գործունեությունը գիշերն արդեն սահմանափակվել է, իսկ մյուս երկու անցակետերը լիովին գործել են։





























