Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնը հուլիսի 19-ին մահացել է հիվանդանոցում՝ մահափորձից հետո, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
«Շատ ցավալի է, բայց, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, Իրինա Ֆարիոնին փրկել չի հաջողվել»,- նշել է Լվովի մարզի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Նա նաեւ անկեղծ ցավակցություններ է հայտնել Ֆարիոնի հարազատներին, մերձավորներին եւ աշակերտներին։
«Նրա վրա հարձակվողի որոնումները շարունակվում են»,- ավելացրել է նա։
Ֆարիոնի մահվան մասին տեղեկությունը հիվանդանոցում հաստատել է Լվովի քաղաքապետը։ Նա նաեւ նշել է, որ բժիշկներն «արել են հնարավոր ամեն ինչ, բայց վիրավորումն անհամատեղելի էր կյանքի հետ»։
Հուլիսի 19-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Ֆարիոնի վրա կրակել է անհայտ մեկը, երբ կինը Լվովում իր տան մոտ էր գտնվում։ Նա վիրավորում է ստացել գլխից։
Ավելացնենք, որ մահափորձին արձագանքել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ միջադեպի եւ հարձակվողի որոնումների մասին արդեն զեկուցում են ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն եւ Ազգային անվտանգության ղեկավար Վասիլի Մալյուկը։
Ոստիկանությունը ներկայում զբաղվում է հարձակվողի որոնմամբ։ Ինչպես տեղեկացրել է ԶԼՄ-ն, հղում կատարելով ուկրաինական ոստիկանությանը, Իրինա Ֆարիոնի մահափորձի քրեական վարույթը վերաորակավորվել է որպես միտումնավոր սպանություն։





























