Միլանի դատարանը պարտավորեցրել է լրագրողուհուն Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին վճարել 5 000 եվրո այն բանի համար, որ սոցցանցերում ծաղրել է նրան, տեղեկացրել է ANSA-ն։

Լրագրողուհի Ջուլիա Կորտեզեն նաեւ պայմանական տուգանվել է 1 200 եվրոյով X-ում 2021թ. հոկտեմբերին Մելոնիի հասակի մասին հրապարակման համար, որը գնահատվել է որպես «բոդիշեյմինգ»։ Մելոնին դատի է տվել լրագրողին այն բանից հետո, երբ երեք տարի առաջ նրանք վեճի մեջ էին մտել սոցցանցերում։

Մելոնին, որի ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն այդ ժամանակ ընդդիմությունում էր, իր բողոքն է հայտնել, երբ Կորտեզեն հրապարակել է իր լուսանկարը՝ հետին պլանում հանգուցյալ ֆաշիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինիի պատկերով։

Կորտեզեն պատասխանել է նոր թվիթներով, որոնցից մեկում հայտնել է. «Դուք ինձ չեք վախեցնում, Ջորջիա Մելոնի։ Ի վերջո, ձեր հասակն ընդամենը 1,2 մետր է։ Ես անգամ ձեզ նկատել չեմ կարող»։

Մի շարք լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մելոնիի հասակը տատանվում է 158-163 սանտիմետրի մեջ։