Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է The National-ը։

Ըստ Հաջիևի, Հայաստանին հրավեր է ուղարկվել։ 

«Սա առաջին անգամ ասում եմ... միջազգային լրատվամիջոցներին»,- ասել է նա օկուպացված Շուշիում կայացած «մեդիաֆորումում»:

«(COP29-ի նախագահ նշնակված) Մուխթար Բաբաևը... հրավերի նամակ է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել»,- ասել է նա։

Հաջիևի կարծիքով, պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պայմաններում այս հրավերն ուղարկելը «Ադրբեջանի բարի կամքի և նրա «ներառական մոտեցման» դրսևորում է»։

Հաջիևը հավելել է, որ COP29-ը համաշխարհային իրադարձություն է, և «կարևորագույն բանակցությունները դուրս են Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից»։

Նա ասել է, որ չգիտի՝ «արդյո՞ք նախագահի հետ շփումը կօգնի դուրս գալ փակուղուց, բայց հայտարարել է, որ COP-ը վերաբերում է բոլորին»:

«Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է Հաջիևը։