Գերմանիայում բանկոմատների պայթեցումների համար բանտարկություն կսահմանվի, ասվում է երկրի ներքին գործերի և արդարադատության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

Իրենց հայտարարության մեջ գերատեսչություններն ընդգծել են, որ վերջին տարիներին բանկոմատների պայթեցման դեպքերը զգալիորեն աճել են ողջ երկրում՝ 2021-ից 2022 թվականների ընթացքում 26,5 տոկոսով։

«Սա նոր առավելագույն ցուցանիշն է 2005 թվականից ի վեր: Չնայած գերմանական բանկային ոլորտի հետ համաձայնեցված անվտանգության միջոցառումներին, որոնք 2023 թվականին հանգեցրել էին մի փոքր անկման, դեպքերի քանակը մնում է բարձր մակարդակի վրա։ Այս առանձնապես վտանգավոր գործողություններն իրականացվում են առանց երրորդ անձանց և շտապ օգնության ծառայությունների աշխատակիցների առողջությունն ու կյանքը հաշվի առնելու և հսկայական վնաս են հասցնում տնտեսությանը: 2022 թվականին Գերմանիայում ընդհանուր վնասը եռանիշ միլիոնների է հասել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշում են գերատեսչությունները, ապագայում բանկոմատների պայթեցումները կպատժվեն ազատազրկմամբ՝ առնվազն երկու տարի ժամկետով, իսկ որոշակի հանգամանքներում՝ նույնիսկ հինգից մինչև 15 տարի ժամկետով։

«Ներքին գործերի դաշնային նախարարությունը Արդարադատության դաշնային նախարարության հետ համաձայնեցմամբ, «Պայթուցիկ նյութերի մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ է ներկայացրել, որի վերաբերյալ պետությունները և ասոցիացիաները կարող են մեկնաբանություններ անել», - նշվում է հայտարարության մեջ: