Ավտոբուսային չարտերային երթուղիների կազմակերպիչները նոր ավտոբուսային երթուղի են բացել`Սումի - Խարկով - Լուգանսկ - Երեւան:

Analitika.at.ua-ն տեղեկացնում է, որ դա պայմանավորված է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում ավտոմեքենաների համար մտցված սահմանափակումներով: Ձմեռային ռեժիմին անցում կատարելուց հետո ուղեւորների փոխադրումը իրականացվում է փոքր ավտոբուսներով (30 նստատեղից ոչ ավելի):

Նշենք, որ նոյեմբերի 12-ից Վրաստանի իշխանությունները առանց պաշտոնական տեղեկացման սահմանափակումներ էին մտցրել Ռուսաստանից եկող ավտոտրանսպորտի համար, ինչի արդյունքում սահմանի ռուսական կողմում գրեթե հարյուր բեռնատարներ եւ այլ տրանսպորտային միջոցներ էին կուտակվել, որոնք հիմնականում Հայաստան էին ուղեւորվում: Վարորդները եւ ուղեւորները ստիպված են ապրել, ըստ էության, դաշտային պայմաններում: Սննդի եւ ջրի պակաս կա, կապի միջոցների հասանելիությունը ցածր է:

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ, չթույլատրելով անցնել ավտոտրանսպորտի հիմնական հոսքին, վրացական սահմանապահները առանձին բեռնատարների համար բացառություն են անում, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս: Գերատեսչությունում նաեւ հատուկ ընդգծել են, որ հակառակ ուղղությամբ` Վրաստանից Ռուսաստան, անխոչընդոտ գնում են բոլոր ավտոմեքենաները:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Взгляд» թերթը, Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ութիաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանից Վրաստան  «Վերին Լարս – Կազբեգ» անցակետով երթեւեկությունը սահմանափակվել է ուժեղ ձյան պատճառով: Նա նշել է, որ սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներով: