Գիտնականները Մադագասկարում հսկայական հարյուրոտանի են հայտնաբերել, որն ավելի քան մեկ դար համարվում էր անհետացած, գրում է Bild-ը։

16 գիտնականներ երեք շաբաթ անցկացրել են Մադագասկարի Մակիրա բնական պարկում փնտրելով 30 տեսակի կենդանիներ, ձկներ և միջատներ, որոնք համարվում են անհետացած: Re:wild պարբերականը պարզաբանում է, որ այն տեսակները, որոնք հետազոտողները ցանկացել են բացահայտել, չեն հանդիպել առնվազն տասը տարի։

«Մադագասկարը կենսաբազմազանության թեժ կետ է, իսկ Մակիրան՝ երկրի թերուսումնասիրված տարածք, ուստի մենք որոշեցինք փորձարկել կորած տեսակներ գտնելու նոր մոդել», - ասում է անհետացող տեսակների մասնագետ Քրիստինա Բիգսը:

Գիտնականների ամենահուզիչ հայտնագործությունը հարյուրոտանի Spirostreptus sculptus-ի հայտնաբերումն էր: Մադագասկարում դրա չափը հասնում է 27 սանտիմետրի։ Բազմոտանուն հայտնաբերել է Լոնդոնի Բնական պատմության թանգարանի բզեզների մասնագետ Դմիտրի Տելնովը։

«Նրանք [հարյուրոտանիները] սնվել են բույսերով, հնարավոր է՝ սնկերի մնացորդներով: Ես լուսանկարեցի մեկը և մտածեցի, որ այն ինձ ծանոթ էր թվում, քանի որ այն շատ մեծ էր»,- ասել է նա:

Այն բանից հետո, երբ արված լուսանկարներն ուսումնասիրվել են Տելնովի գործընկերների կողմից, նրանք եկել են այն եզրակացության, որ սա նույն հարյուրոտանին է, որը վերջին անգամ փաստագրվել է 1897 թվականին։

«Սա զարմանալի հայտնագործություն է, որն ինձ ուրախացնում է, քանի որ այս տեսակը, ինչպես պարզվում է, անհետացած չէ: Այն դեռևս հանդիպում է առաջնային արևադարձային անտառներում, և ես դիտել եմ ոչ թե մեկ, այլ մի քանի առանձնյակ»,- հավելել է Տելնովը։