Իսպանական Մայորկա հայտնի առողջարանային կղզում տեղացիները հավաքվել էին ցույցեր կազմակերպելու ընդդեմ զանգվածային զբոսաշրջության։

Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Կազմակերպիչները պնդում են, որ ցուցարարների թիվը մոտ 50 հազար է եղել, հաղորդում է DW-ն:

«Զանգվածային զբոսաշրջությունը դժվարություններ է ստեղծում տեղի բնակիչների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ապրել իրենց կղզում, քանի որ գները բարձրանում են զբոսաշրջային բնակարանների պատճառով: Զբոսաշրջիկները լցնում են լողափերը և ամռանը ծանրաբեռնում հանրային ծառայությունները», - Reuters-ին ասել է ցույցի կազմակերպիչներից մեկը:

Հուլիսի սկզբին Կատալոնիայի մի քանի քաղաքներում զանգվածային զբոսաշրջության դեմ ցույցերին մի քանի հազար մարդ է հավաքվել։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ Բարսելոնայում ցույցին մասնակցել է 2800 մարդ, իսկ Ժիրոնայում՝ ավելի քան 400 մարդ։

Ապրիլի վերջին Կանարյան և Բալեարյան կղզիներում զանգվածային զբոսաշրջության դեմ ցույցեր են տեղի ունեցել։ Կանարյան կղզիներում, ըստ ոստիկանության, ցույցերին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Կազմակերպիչները հայտարարել են գրեթե 50 հազար մասնակցի։ Բալեարյան կղզիների ամենամեծ քաղաքում՝ Պալմա դե Մալյորկայում, ակցիային մասնակցել է մոտավորապես 10 հազար մարդ։

Կանարյան կղզիներում հանրահավաքի կազմակերպիչները վստահ են, որ զանգվածային զբոսաշրջությունը վնասակար է տեղի բնակիչների և շրջակա միջավայրի համար։ Ցուցարարները դեմ են արտահայտվել Տեներիֆեում երկու նոր հյուրանոցների կառուցմանը, ինչպես նաև կոչ են արել իրենց խոսքն ասել Կանարյան կղզիներում զբոսաշրջության արդյունաբերության հետագա զարգացման վերաբերյալ որոշումների հարցում: Պալմա դե Մալյորկայի ցուցարարներն իրենց հերթին կոչ են արել տեղական իշխանություններին արգելել հինգ տարուց պակաս այնտեղ ապրող մարդկանց գույք գնել: