Եգիպտոսում այսօր` նոյեմբերի 28-ին, կկայանա խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը կանցկացվի քաղաքական բավական բարդ իրավիճակում:
Նախօրեին Եգիպտոսի Գերագույն ռազմական խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտաուին նախագահի երկու հավանական թեկնածուներ, ԱԷՄԳ նախկին ղեկավար Մուհամեդ ալ Բարադեյին եւ ԱԵԼ նախկին գլխավոր քարտուղար Ամրա Մուսուին կոչ է արել աջակցել նոր վարչապետ Քամալ ալ Գանզուրիին, որը նոր կառավարության ձեւավորման խորհրդակցություններ է սկսել:
Բայց Թահրիր հրապարակում ալ Գանզուրիից դժգոհ ցուցարարները հայտարարել են սեփական` «ազգային փրկության» կառավարության ձեւավորման մասին`Մուհամեդ ալ Բարադեյի գլխավորությամբ: Նշանակվել են նաեւ երկու փոխվարչապետներ` Միջազգային իրավունքի պրոֆեսոր Հուսամ Իսան եւ «Ալ-Վասատ» կենտրոնամետ կուսակցության ղեկավար Աբու Ալյա Մադին, տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ ի սկզբանե եգիպտական կառավարությունը վախենում էր, որ Կահիրեի եւ այլ քաղաքների ցուցարարները կարող են խանգարել ընտրությաունների կայացմանը: Սակայն երկրի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ խորհրդարանական ընտրությունները կսկսվեն նոյեմբերի 28-ին, ինչպես եւ ծրագրված էր:



























