Անցյալ շաբաթ Ֆլորիդայի հյուսիսում գտնվող շերիֆի գրասենյակը վարորդներին դիմեց ուշագրավ հորդորով. վերջ տվեք ընկճված վիճակում գտնվող արջի հետ սելֆի անելու փորձերին:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի առափնյա Ուոլթոն շրջանի իրավապահները ֆեյսբուքյան գրառման մեջ վարորդներին խնդրել են հեռու մնալ արջից, որը «ցուցաբերում է ծայրահեղ սթրեսի նշաններ» և «ակնհայտորեն լուսանկարվելու տրամադրություն չունի»:.
Ֆլորիդայի ձկների և վայրի բնության պահպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Լիզա Թոմփսոնը USA Today-ին հայտնել է, որ կենսաբաններն ու ոստիկանները ժամանել են այն վայր, որտեղ, ըստ տեղեկությունների, հանգստանում էր արջը: Սակայն մինչ նրանք հասան, արջն «անհետացել ու գնացել էր մոտակա անտառը»։
«Մեր անձնակազմին տրամադրված նկարներից ելնելով արջը չի վնասվել», - պատմել է Թոմփսոնը: «Ըստ երևույթին, նա պարզապես չափազանց տաքացել էր և նախքան առաջ շարժվելը հանգստանում էր»:
Ֆլորիդայի Վայրի բնության գործակալության տվյալներով՝ գարնանն ու ամռանը քաղաքային բնակավայրերի և ճանապարհների մոտ արջերն առավել ակտիվ են:





























