ԱՄՆ-ում, նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել «Ապագա» հասարակական կազմակերպության «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» նախագծի շրջանակներում բեմադրված Անդունդ» ներկայացման պրեմիերան: Պիեսի հեղինակը ճանաչված արձակագիր, «Ներեցեք» աղմկահարույց վեպի հեղինակ Էդգար Կոստանդյանն է, բեմադրիչը ԱՄՆ-ում բնակվող ռեժիսոր Նունե Սարուխանյանը: Պիեսը պատմում է մի ընտանիքի պատմությունը, որը բռնել է գաղթի ճանապարհը, հիմնական նյութը Հայոց Ցեղասպանությունն է:
«Հիանալի պիես է գրել Կոստանդյանը, ընդհանրապես ես Էդգար Կոստանդյանին համարում եմ 21-րդ դարի հայ արձակի հիմնադիրներից: Ներկայացումը, կարծում եմ, ճիշտ ժամանակին է բեմ դուրս եկել, հաջորդ տարի պատրաստվում ենք բեմադրել նաեւ հայ հանդիսատեսի համար»,- ասել է ներկայացման բեմադրող ռեժիսոր Նունե Սարուխանյանը:
Նշենք, որ ներկայացումը բեմում կլինի մոտ կես տարի, որից հետո «Ապագա» ՀԿ-ի ջանքերով այն կբեմադրվի նաեւ Հայաստանում, եւ Ցեղասպանությունը ճանաչած մի քանի այլ երկրներում:



























