Իլոն Մասկը հերքել է The Wall Street Journal պարբերականի հաղորդագրությունները, ըստ որոնց ամերիկացի միլիարդատերը մտադիր է ամսական մոտ 45 միլիոն դոլար տրամադրել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին նախագահական քարոզարշավի շրջանակում աջակցող նոր քաղաքական հանձնաժողովին:

«Ես երբեք չեմ ասել, որ Թրամփին ամսական 45 միլիոն կտամ. դա պարզապես ճիշտ չէ»,- ասել է նա X-ում (նախկին Twitter) հրապարակված հարցազրույցում։

Մասկը նշել է, որ ինքը սոսկ հանձնաժողով է ստեղծել, որի նպատակն է «աջակցել ժողովրդավարությունն ու մարդու անձնական ազատությունը պաշտպանող թեկնածուներին»:

WSJ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսին ստեղծված America PAC հանձնաժողովը նպատակ ունի գրանցել ընտրողներին, համոզել նրանց վաղաժամ քվեարկել և տատանվող նահանգներում փոստով քվեաթերթիկներ պահանջել: Նշվում է, որ աշխատանքներն իրականացնելու համար հանձնաժողովը հարյուրավոր մարդկանց է վարձել։