Կրոնական գործիչները պետք է իրենց ներդրումն ունենան ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն` հանդես գալով Երեւանում ընթացող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նիստում:
Ընդգծելով միջոցառման կարեւորությունը` քաղաքական առաջնորդների երկխոսությանը նպաստելու հարցում, նա նաեւ ընդգծել է հակամարտությունների լուծման հարցում կրոնական գործիչների ներդրման անհրաժեշտությունը:
Փաշազադեն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ջանքերին` խնդրի լուծման հարցում: Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի բանաձեւերը չեն կատարվում եւ որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը դեռ իրական արդյունքներ չեն տվել:
Այդ ջանքերի համատեքստում, նա ընդգծել է Գարեգին Բ-ի եւ Կիրիլի հետ իր եռակողմ հանդիպումների կարեւորությունը: Նա ընդգծել է, որ այդ հանդիպման արդյունքում հնարավոր է եղել հասնել գերիների փոխանակման, կանխել հակամարտությունը կրոնականի վերածվելու վտանգը:



























