ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են վերահսկելի դարձնել պրոցեսները, քանի որ թե իրենք, թե միջազգային հանրությունը զգում են, որ հրադադարի ռեժիմի խախտումների պայմաններում խաղաղ բանակցություններն արդեն անմիտ են դառնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Խոսելով միջնորդների այցից ունեցած ակնկալիքներից, Գալուստ Սահակյանն ասել է. «Խնդիրն ակնկալիքները չեն, այլ պրոցեսներն են, որ կապված են ոչ միայն ղարաբաղյան թնջուկի լուծման, այլեւ սահմանին դիպուկահարների կողմից անընդհատ տեղի ունեցող հրադադարի խախտումների հետ»:

Դիտարկմանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը թեւակոխել են նախընտրական շրջան, հնարավոր է արդյոք շոշափելի առաջընթաց նման պայմաններում, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Կարծում եմ` մեր կողմից այդ առաջընթացը կա, քանի որ միջազգային հանրությունը այլ դիտարկումներով է հանդես գալիս: Հիմնականում խոսքը գնում է մեր տեսակետների մասին, որոնք ամբողջանում են նաեւ միջազգային հանրության մոտ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաեւ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե համանախագահների այս այցելությունը հերթական է: «Ես որեւէ այցելություն հերթապահ համարել չեմ կարող: Վերջիվերջո այդ այցելություններն են, որ հնարավոր են դարձնում նախ հասկանալի դառնալ միջազգային հանրության առջեւ, իսկ դա լուրջ գործոն է: Ցանկացած հանդիպումից ակնկալում ենք, որ ոչ թե միանգամից դրական տեղաշարժեր կլինեն, այլ որ այս հանդիպումների ընթացքում վերլուծվեն շատ բաներ, դա առաջընթաց է»,- ամփոփել է Սահակյանը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)այսօր` նոյեմբերի 28-ին կայցելեն Երեւան:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էր արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նրանք կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: