Համայն վրաց պատրիարք Իլիա Բ-ն Հայաստան չի ժամանել առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հավելելով, որ իրականում Իլյա Բ-ն ցանկանում էր մասնակցեր Երեւանում մեկնարկած ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին:

Նշենք, որ այդ նիստին մասնակցում են մասնավորապես, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն:

«Վրացական կողմը հյուր էր, ոչ թե ֆորումի մասնակից, քանի որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ»,-նշել է Նաթան եպիսկոպոս Հթվհաննիսյանն ու հավելել. «Պատրիարք Իլիա Բ-ի մասնակցությունը ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին պարտադիր չէր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում նոյեմբերի 28-ին աշխատանքն է սկսել ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որի շրջանակներում նախատեսված է Գարեգին Բ-ի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը:

Նիստի մասնակիցներին ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը: