Վերջերս «Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» եւ «Հայփոստ»-ի պատվիրակությունը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության առաջիկա խորացման, համագործակցության որակական նոր փուլի անցման շուրջ: Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջեւ, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները եւ փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ եւ օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:

Ռուսաստանի եւ Հայաստանի փոստային օպերատորները կզարգացնեն երկու երկրների միջեւ արագ փոխանցումները եւ կմեծացնեն փոխանցումների ծավալը: Ազգային փոստային օպերատորների համագործակցության հեռանկարները քննարկել են հավատարմագրային կառավարիչ ընկերության` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը եւ Ռուսաստանի փոստի ղեկավարի տեղակալ Իգոր Մանդրիկինը:

Հանդիպման մասնակիցները որոշում են ընդունել արագ դրամական փոխանցումների կազմակերպման եւ փոստային փոխանակման կատարելագործման հարցերով երկու աշխատանքային խմբերի ստեղծման մասին:

Հայաստանում փոստային բաժանմունքների քանակն ավելի քան 2 անգամ գերազանցում է բոլոր առեւտրային բանկերի գրասենյակների ընդհանուր թիվը. ըստ որում, փոստային բաժանմունքների մեծ մասը կենտրոնացված է մարզերում եւ գյուղական համայնքներում:

Միջազգային դրամական փոխանցումների տեխնոլոգիական զարգացումը Ռուսաստանի եւ Հայաստանի փոստային օպերատորների կայուն շուկայական դիրքերի երաշխիքն է: Դիտարկվող առաջարկների շարքում է երկրների միջեւ անհասցե փոխանակումների տեխնոլոգիայի ներմուծումը:

Հեռահար առեւտրի զարգացումը, որը պետք է հանգեցնի առաքանիների թվի աճին, եւս մեկ խնդիր է, որ կանգնած է Հայաստանի եւ Ռուսաստանի փոստային օպերատորների առջեւ: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի եւ Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը: Ծրագրվում է ավելացնել EMS փոխանցումների ծավալը` ի հաշիվ կորպորատիվ հաճախորդների համար հատուկ ծրագրերի:

«Հայփոստ» ՓԲԸ Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժին